Սանահինի վանական համալիրը մեր ամենաակնառու հուշարձաններից է եւ Հաղպատի հետ ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում. Կառավարությունը 300 մլն դրամ է հատկացրել այն վերանորոգելու համար: Այս  մասին այսօր` հունիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ խոսելով Սանահինի եկեղեցին կործանումից փրկելու  եւ հիմնադրամի ստեղծման մասին:

Նրա խոսքով՝ քիչ, թե շատ վերանորոգված կոթողներն էլ պետք է ամենօրյա ուշադրության կենտրոնում լինեն: «Որպեսզի երկարացնենք հուշարձանների կյանքը ամենօրյա ուշադրություն պետք է լինի: Հակառակ դեպքում նման հաստաբուն ծառերի ներկայություն չէր լինի: Դրանք պարբերաբար որոշակի լուծույթներով պետք է մաքրվեին, որն աշխարհում գործածվում է: Սակայն բոլոր հուշարձաններին է պետք  ամենօրյա ուշադրություն, հատկապես այն դեպքում, երբ պետությունն այդքան մեծ միջոցներ չունի: Իսկ Սանահինի մասով պետք է վնասված հատվածները վերականգնել եւ սալիկները փոխել»,- ավելացրեց Մկրտիչ Մինասյանը:

Նրա խոսքով՝ սեփականատերերը պետք է աչքի լույսի պես պահեն հուշարձանները: Մինասյանն ընդգծեց, որ վարչապետը շահագրգռված է, որ վերականգնման աշխատանքները իրականացվեն հնարավորինս լավ: