«Նաիրի» բժշկական կենտրոնում հունիսի 22-ին կայացել է պրոֆեսոր Է.Ս. Ավետիսովի անվան «Աչքի միկրովիրաբուժության եւ երեխաների տեսողության պահպանման կենտրոնի» հանդիսավոր բացումը (ֆոտոռեպորտաժ)։ Արարողությանը ներկա են եղել Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Դումանյանի խոսքով՝ տվյալ համագործակցության նպատակը Հայաստանում ժամանակակից ակնաբուժության զարգացումն է՝ ակնաբուժության արդիական բոլոր ոլորտներում համաշխարհային առաջատար փորձի ներդրմամբ։ Կենտրոնը հագեցած է Carl Zeiss, Alcon, Tomey եւ այլ հայտնի ընկերությունների ժամանակակից սարքավորումներով

 «Կենտրոնի հագեցվածության մակարդակը թույլ է տալիս համագործակցության ծրագրում ներառել ոչ միայն ժամանակակից մակարդակով մասնագիտացված օգնության ցուցաբերումը, այլեւ մասնագետների որակավորման մշտական աճի հնարավորությունը՝ հայրենական գիտա-գործնական նորագույն դպրոց ստեղծելու հեռանկարով»։

Դումանյանը նաեւ նշել է, որ կենտրոնը քաղաքացիներին կսպասարկի կառավարության որոշմամբ նախատեսված պայմաններով ու արտոնություններով։

Իր հերթին պրոֆեսոր Ավետիսովի որդի Սերգեյ Ավետիսովը նշել է, որ նման կենտրոնի հաջող աշխատանքի համար անհրաժեշտ են բարձրորակ տեխնիկա եւ պրոֆեսիոնալ կազմ. «Այս պարագայում երկուսն էլ առկա են, եւ ես ուրախ եմ, որ նման կարգի կենտրոնը հորս պատվին է անվանակոչվել»։

Նշենք, որ պրոֆեսոր Է.Ս. Ավետիսովի անվան «Աչքի միկրովիրաբուժության եւ երեխաների տեսողության պահպանման կենտրոնը» ստեղծվել է  Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի հետ համագործակցությամբ։ «Խնայեք տեսողությունը մանկությունից» ծրագրի շրջանակում նախատեսվում է սքրինինգային ծրագրերի անցկացում՝ հիվանդացության բարձրռիսկային խումբը բացահայտելու եւ  հետագա դիսպանսերացման եւ բուժման համար։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am