Երեւանում ազատ տնտեսական գոտին կբացվի 2013թ. հուլիսին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Սիտրոնիքս Հայաստանի» գլխավոր տնօրեն Արմեն Խաչատրյանը: Նրա խոսքով, տնտեսական գոտին նախատեսվում է բացել ամսվա ընթացքում:
Բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները Երեւանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի եւ «Մարս» ընկերության տարածքում արդեն պատրաստ են, այդ թվում` մաքսային: Ժամկետներն արդեն համաձայնեցված են պետական մարմինների հետ, մի քանի օտարերկրյա ընկերություններից արդեն հայտեր են ստացվել: Ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, ԱՏԳ-ում ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է 10 մլն դոլար:
Հիշեցնենք, որ Ազատ տնտեսական գոտիների մասին օրենքը Հայաստանում ընդունվել էր 2011թ-ին: ԱՏԳ-ն ունենալու է առանձին մաքսային սահման եւ ի սկզբանե մտածված է որպես արտահանման համար խթանող գործոն:
Բացի «Սիտրոնիքս Հայաստանի» կառավարմամբ ԱՏԳ-ից, եւս երկուսը նախատեսվում է ստեղծել «Զվարթնոց» օդանավակայանի եւ Գյումրիի տեխնոպարկի տարածքներում:




























