ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ցեղասպանության օրինագծի ընդունումից անմիջապես հետո Անկարան ետ է կանչել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանին։ Այս մասին հայտնում է թուրքական TGRT հեռուստաընկերությունը։
Նշենք, որ ավելի վաղ թուրքական մամուլում հայտնվել էր տեղեկություն, ըստ որի հայկական օրինագծի ընդունման դեպքում Թուրքիան ետ կկանչի ԱՄՆ-ում իր դեսպանին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ թիվ 252 բանաձեւի քվեարկությունը, որի արդյունքում բանաձեւին կողմ են քվեարկել 23 հոգի, դեմ`22 հոգի:
Նշենք, որ քվեարկության ողջ ընթացքում դեմ ձայները գերակշռում էին, սակայն վերջին րոպեներին բացակա կոնգրեսմենները ներկայացան քվեարկության եւ կողմ քվեարկեցին:



























