ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքից Դենվեր ուղեւորվող Boeing 787 Dreamliner-ը տեխնիկական արգելակման համակարգում անսարքության պատճառով վերադարձել է մեկնարկային օդանավակայան:
United Airlines ավիաընկերության օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել, ուղեւորներից ոչ ոք չի տուժել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով AFP-ին:
Boeing 787-ն արտակարգ վայրէջք է կատարել շաբաթվա մեջ արդեն երրորդ անգամ: Հունիսի 21-ին Լոնդոնից Հյոսթոն մեկնող օդանավը արտակարգ վայրէջք էր կատարել Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում` վառելիքի պարունակության ցածր ցուցիչի պատճառով: Իսկ հունիսի 19-ին ԱՄՆ-ից Տոկիո մեկնող օդանավի վայրէջքի պատճառ էին դարձել տեխնիկական խափանումները:
Boeing 787-ի չվերթները ամբողջ աշխարհում դադարեցվել էին հունվարի կեսերին, երբ ճապոնական ANA ընկերության չվերթն արտակարգ վայրէջք էր կատարել մարտկոցների բռնկման պատճառով: Մի շարք փորձնական թռիչքներից եւ պատճառները քննելուց հետո թռիչքների թույլտվություն էր տրվել:




























