«Երեւան Ջուր» ՓԲԸ-ն ներկայացրել է իր գործունեության արդյունքները 2013թ. մայիսը 2012թ. մայիսի նկատմամբ:

Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է.

Ինչպես վկայում են փաստերը, «Երեւան Ջուր» ընկերության ընտրած զարգացման ճանապարհը ոչ միայն ճիշտ է՝ ձեռքբերումների առումով, այլեւ համահունչ է գլոբալ մարտահրավերներին: Լուծելով վարձակալության պայմանագրով իր առջեւ դրված խնդիրները, նա նպաստում է նաեւ ողջ հանրությանը հուզող, մասնավորապես՝ բնապահպանական խնդիրների լուծմանը:

Այսպես, ջրամատակարարման շարունակական բարելավման պարագայում, համակարգում տարեցտարի նվազում է ինչպես ջրառն աղբյուրներից (ինչի մասին արդեն քանիցս գրվել է), այնպես էլ էլեկտրաէներգիայի սպառումը: Կնշանակի՝ կրճատվում է նաեւ համընդհանուր ջերմոցային էֆեկտ առաջացնող ածխաթթու գազի արտանետումները, ինչի հրատապությունն ու կարեւորությունը բնապահպանական տեսակետից ակնհայտ է: Եթե բարեփոխումների շեմին ընկերության ծախսային հոդվածներից թերեւս ամենամեծը էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներն էին, ապա ներկայումս, լեռներից ինքնահոս եղանակով ստացվող ջրի արդյունավետ օգտագործման միջոցով այդ կարեւորագույն ռեսուրսի սպառման ծավալները կրճատվել են ավելի քան երեք անգամ:

Երեւանում 2006թ.-ից ի վեր 566 գործող բակային պոմպակայաններից ապամոնտաժվել է 153-ը, իսկ առկա 413-ի մեծ մասը տեխնիկապես վերազինվել է եւ հագեցել էներգախնայող սարքավորումներով: Ջրաղբյուրներում վերակառւցվել, արդիականացվել է մի շարք պոմպակայաններ: Իսկ համակարգում հզորագույն՝ Արարատյան պոմպակայանը փաստացի դարձել է պահուստային: Առաջին հերթին դրա շնորհիվ է, որ, թեեւ էլեկտրաէներգիայի սակագնի օրերս տեղի ունեցած բարձրացմանը, ջրամատակարարման մանրածախ ծառայությունների սակագինը միեւնույն է՝ առաջիկայում նվազելու է, ինչպես եւ խոստացել է ընկերությունը:

Ավելին, համակարգում առկա խնդիրների լուծմանն ուղղվող միջոցները զգալիորեն գոյանում են էլեկտրաէներգիայի խնայողության շնորհիվ: Իսկ արդյունքներն այստեղ խոսուն են: Այսպես, մայիսին Երեւանում շուրջօրյա ջրամատակարարում է ունեցել բաժանորդների մոտ 71,4%-ը, 17-23 ժամ՝ 25,7%-ը եւ 12-17 ժամ՝ ընդամենը 2,9%-ը: Իսկ «Երեւան Ջուր» ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի 1551 կետից վերցված փորձանմուշների ստուգման արդյունքները ցույց են տվել, որ սպառողներին մատակարարվող ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերի եւ կանոնների պահանջներին:

Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջեւ» կարգախոսով, «Երեւան Ջուր» ընկերությունը ստորեւ ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2013թ. մայիս ամսվա գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2012թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ (2008թ. տվյալները համեմատության համար են)»: