Չիլիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը 802-ից կրճատվել է հասնելով 279-ի: Ինչպես հարորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով կառավարության իր աղբյուրին, զոհերի քանակի վերաբերյալ տվյալները հիմնված են եղել նաեւ անհայտ կորածների քանակի վրա: Զոհերի թվի նվազման մասին պաշտոնական տվյալներ դեռ չկան:

Երկրին հասցված վնասը կազմում է 12-30 միլիարդ դոլար, հստակ թիվ դեռ չի նշվում: Ներկայումս աշխարհի շատ երկրներ մարդասիրական օգնություն են ուղարկում Չիլի: Օգնելու պատրաստակամության մասին հայտարարել են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեքսիկան, Պերուն, Բոլիվիան եւ Չինաստանը:

Միաժամանակ, Չիլիում այսօր 6,3 բալ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնը գտնվում է երկրի հյուսիսում գտնվող Կալամա քաղաքից 65 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է 105,1 կմ խորության տակ: Հաղորդում է BBC Russia-ն:

Հայտարարվել է ցունամիի վտանգի մասին: Աղբյուրի տվյալներով, նրանք ովքեր հնարավորություն ունեն, հեռանում են ծովափնյա հատվածներից, սակայն շատ-շատերը մնացել են հսկայական խցանումների մեջ եւ չեն կարողանում դուս գալ քաղաքից:

Հիշեցնենք, որ 8,8 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Չիլիում փետրվարի 27-ին, տեղի ժամանակով առավոտյան ժամը 3:45-ին: Էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Սանտյագոյից 320 կմ հարավ արեւմուտք: Ամենից շատ երկրաշարժից տուժել է երկրի երկրորդ քաղաք Կոնսեպսիոնը: