Հայաստանում հեռանկարային են այլընտրանքային էներգետիկայի հետեւյալ ուղղությունները. հողմային, արեւային եւ գեոթերմալ: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մաքուր էներգիա» հ/կ-ի խորհրդի անդամ Տիգրան Գրիգորյանը: «Մաքուր էներգիան» այլընտրանքային էներգիայի բնագավառում հանդիսանում է միջանկյալ օղակ` ներդրողների եւ տեխնիկական լուծում տվողների միջեւ: Ընկերությունը նաեւ ներկայացված էր «ԴիջիԹեք Բիզնես ֆորումում»:

Տ. Գրիգորյանի կարծիքով` Հայաստանում էներգետիկ համակարգը պետք է լինի հիբրիդային` բազային կայաններին (ինչպիսիք հանդիսանում են ատոմակայանը կամ ջերմային կայանները) զուգահեռ պետք է զարգացնել այլընտրանքային էներգետիկան: Տ. Գրիգորյանի տեղեկացմամբ` Հայաստանում 5-10 վայրերում կարելի է հողմային կայաններ կառուցել` 5000 մեգավատտ ընդհանուր հզորությամբ: Համեմատության համար` Հայաստանի ներկայիս էներգետիկ կայանների (ներառյալ ատոմակայանը) ընդհանուր հզորությունը մոտ 1500-1800 մեգավատտ է: Հողմային կայանների կառուցման ներդրումային արժեքը 1 վատտ/ 1 եվրո է: Այսինքն` 25 մեգավատտ հզորությամբ կայան կառուցելու համար անհրաժեշտ է մոտ 25 մլն եվրո ներդրում, որը կհատուցվի 18-20 տարվա ընթացքում:

Ներկայում Հայաստանում հողմակայան կառուցված է Պուշկինի լեռնանցքում: