Գործող գներով շինարարության արժեքի հաշվարկման նոր մեթոդաբանությունը քննարկելու նպատակով, այսօր՝ հունիսի 24-ին, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սամվել Թադեւոսյանը շեշտելով հարցի կարեւորությունը հորդորել է ներկաներին մանրակրիտ ու հիմնարար ուսումնասիրել այն: «Կառավարության համար սկզբունքային է շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգի վերանայման հարցը, բայց պետք չէ շտապողականություն ցուցաբերել, քանի որ կտրուկ քայլերը կարող են բացասական ազդեցություն ունենալ շինարարության որակի վրա, կամ նպաստել առանց այն էլ մասնագետների կարիք ունեցող շիանարարության ոլորտից մասնագետների հեռացմանը»,-ընդգծել է Թադեւոսյանը:

Նա տեղեկացրել է, որ քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը 2011 թվականին մշակել է գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգի նոր մեթոդաբանությունը, որով սկզբունքայնորեն փոխվում է վերադիր հաշվարկման մեխանիզմը:

Վերահսկիչ պալատը (ՎՊ) եւս շինարարության արժեքի հաշվարկման կարգի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել, որով տոկոսադրույքների ուղղակի կրճատմամբ նախատեսվում է շինարարության արժեքի նվազեցում մինչեւ 20%-ի չափով եւ պետական միջոցների տնտեսում:

Նախարար Ս. Թադեւոսյանը հաշվի առնելով հարցի բազմաշերտությունը` կոչ է արել հանձնաժողովի մասնակիցներին սեղմ ժամկետում գրավոր ներկայացնել առաջարկներ, որոնք հաշվի կառնվեն  շինարարության արժեքի հաշվարկման նոր կարգը սեպտեմբերին կառավարություն ներկայացնելիս:

Հիշեցնենք, որ միջգերատեսչական հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ վարչապետի որոշմամբ` «Պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների եւ շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման կարգը հաստատելու մասին» որոշման 3-րդ կետի պահանջների կատարման եւ ՀՀ վերահսկիչ պալատի ներկայացրած առաջար¬կությունների քննարկման նպատակով:

Նիստում քննարկում ծավալվեց նաեւ շինմոնտաժային աշխատանքներում նյութերի, աշխատավարձի եւ այլ ծախսերի մասնաբաժնին վերաբերվող հարցերի շուրջ: