Դժվար է կռահել, ինչ շարժառիթներով է առաջնորդվել Ադրբեջանի նախագահի վարչակազմը եւ նախագահական ընտանիքը` Մեհրիբան Ալիեւայի թեկնածությունը առաջադրելով, սակայն ինքը փաստը վկայում է այն մասին, որ նախագահական ընտրությունների նախաշեմին այս երկրում ներքաղաքական այնպիսի իրավիճակ է ձեւավորվել, որը տարբերվում է 2008թ. իրավիճակից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով իշխանամետ DADP կուսակցության կողմից Մեհրիբան Ալիեւայի թեկնածության առաջադրումը:
«Նման ազդանշանները վկայում են Ալիեւների ընտանիքի եւ ալիեւյան կլանի` երկրում ներքաղաքական իրավիճակի նկատմամբ ունեցած անհանգստության մասին», -նշեց քաղաքագետը` միաժամանակ ավելացնելով, որ առաջադրումը դեռ փաստ չէ, որ տիկին Ալիեւան կգրանցվի որպես թեկնածու:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ադրբեջանական իշխանամետ DADP կուսակցությունն աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել էր առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի թեկնածությունը:




























