Հայաստանում այսօր` հունիսի 24-ին, մեկնարկել է միասնական քննությունների երկրորդ փուլին մասնակցելու համար դիմում-հայտերի ընդունումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) Արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը:

Դիմումները կընդունվեն մինչեւ հուլիսի 1-ը ժամը 18.00, իսկ քննությունների երկրորդ փուլը կմեկնարկի հուլիսի 2-ից: Քննությունների երկրորդ փուլին մասնակցում են բանակից զորացրվածները, առաջին փուլի այս կամ այն քննությունից հարգելի բացակայածները, քոլեջների եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ավարտողները, արտասահմանում դպրոցն ավարտած հայրենակիցները:

Առաջիկա օրերին ԳԹԿ-ն հանդես կգա մամուլի ասուլիսով եւ կամփոփի ընդունելության քննություններ-2013-ը: Իսկ մինչ այդ Արա Իսպիրյանը ներկայացրեց վերջին քննությունների միավորները: «Ֆիզիկայից» քննության միջին միավոր 11,1  է, անբավարար ստացել է դիմորդների 22 տոկոսը, 40 տոկոսը ստացել է  7,5-13 միավոր, 27 տոկոսը` 13-18  միավոր, 11 տոկոսը` 18-20 միավոր, իսկ առավելագույն 20 միավոր ստացել է 35 դիմորդ:

Ինչ վերաբերում է հունիսի 21-ին կայացած «Քիմիա» քննությանը, ապա միջին միավորը 12,4  է, անբավարար ստացել է դիմորդների 20 տոկոսը, 7,5-13 միավոր` 31 տոկոսը, 13-18 միավոր` 26 տոկոսը, 18-20 միավոր` 24 տոկոսը, իսկ առավելագույն 20 միավոր ստացել է 50 դիմորդ:

Իսկ «Հայոց պատմություն» առարկայից միջին միավորը 11,3  է, 19 տոկոսը ստացել է անբավարար, 30 տոկոս` 7,5-13  միավոր, 33 տոկոսը` 13-18 միավոր, 18 տոկոսը` 18-20 միավոր, առավելագույն 20 միավոր ստացել է 45 դիմորդ: