Լուսաղբյուր գյուղի մոտակայքում գտնվող Սմավերդի արհեստական լճակում խեղդված 49-ամյա Լ. Սուքիասյանը գնացել էր լողալու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակավան գյուղի գյուղապետ Մարատ Մկրտչյանը: Նրա խոսքով՝ խեղդվողը «Թուրքի մայլա» կոչվող թաղամասից է: «Լիճը, որ լիքը լցվում է, հետ է գալիս ձորակ, որտեղ եւս լողալու տեղ կա, ինչի արդյունքում էլ նա լողալիս խեղդվել է: Այդ լճում հիմնականում ձուկ են բռնում»,- ավելացրեց գյուղապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 24-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակավան գյուղի մոտակայքում գտնվող լճում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնել էին, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել էր, որ դեպքը տեղի է ունեցել Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի մոտակայքում գտնվող Սմավերդի արհեստական լճակում: Հրշեջ-փրկարարները լճից դուրս էին բերել Գյումրի քաղաքի բնակիչ, 49-ամյա Լ. Սուքիասյանի դին:


























