Հայաստանի ՊՆ N զորամասի զինծառայող 20-ամյա Գ Վարդանյանը մեղադրվում է բահի փայտյա կոթով սերժանտ Ռ. Զաքարյանին հարվածելու մեջ: Վերջինս էլ իր հերթին է ուժ կիրառել: Վարդենիսի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 20-ամյա Գ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վիճաբանել է հրամանատար, կրտսեր սերժանտ Ռ.Զաքարյանի հետ, սակրավորական բահի փայտյա կոթով մեկ անգամ հարվածել վերջինիս գլխին:
20-ամյա Ռ. Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա էլ մեկ անգամ ձեռքով հարվածել Գ. Վարդանյանի դեմքին:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով):
Սույն հոդվածը պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:
Առաջին դատական քննությունը նշանակվել է հուլիսի 2-ին:




























