Հանրային խորհրդի տուրիզմի, առողջ ապրելակերպի եւ կուրորտների հարցերի ենթահանձնաժողովում, այսօր՝ հունիսի 24-ին, քննարկել են «Արարատ 73» թիմին նվիրված հուշարձանախումբ կերտելու գաղափարը:

Ենթահանձնաժողովի նիստի օրակարգում «Արարատ 73» ֆուտբոլային թիմի 40-ամյա հոբելյանի առթիվ ֆուտբոլիստների եւ մարզիչների կիսանդրիների պատրաստման եւ Հրազդան կենտրոնական մարզադաշտի շրջակա տարածքում տեղադրելու հարցն էր: Նախաձեռնությունը ենթահանձնաժողովի նախագահ Կառլեն Հարությունյանինն է, ով նշել է, որ նման նախաձեռնություններ իրականացել են ԱՊՀ բազմաթիվ երկրներում:

Նիստին մասնակցել են Հանրային խորհրդի անդամ, Ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, «Արարատ 73» -ի լեգենդար ֆուտբոլիստներ Արկադի Անդրեասյանը, Սուրեն Մարտիրոսյանը, ՀՀ վաստակավոր մարզիչներ Հարություն Քեհյանն ու Հովհաննես Աբրահամյանը, հայտնի սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, ենթահանձնաժողովի անդամներ, սպորտի ոլորտի ներկայացուցիչներ:

Քննարկման ընթացքում առաջարկվել է կիսանդրիների գաղափարը փոխարինել ֆուտբոլային հուշարձանախմբի գաղափարով` մարզիկներին ու մարզիչներին կերտելով ֆուտբոլային դաշտում` խաղի պահին: Գաղափարն ընդունվել է բոլորի կողմից` հատկանշական համարվելով, որ «Արարատ 73»-ի հաղթանակն առաջին հերթին թիմային հաղթանակ է:

Սուրեն Բաղդասարյանն հայտնել է, որ այժմ գիրք է գրում «Արարատ 73»-ի մասին: Նրա բարձրացրել է նաեւ «Արարատ 73»-ի թանգարան հիմնելու հարցը:

Վազգեն Սաֆարյանն, ամփոփելով նիստը, հույս է հայտնել, որ հուշարձանախմբի ստեղծման գաղափարը դրական արձագանք կստանա հանրության շրջանում, ինչը կնպաստի դրա իրականացմանը: Նա նշել է, որ բարձրացված հարցի վերաբերյալ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի կողմից նամակ կհղվի ՀՀ վարչապետին, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին: Նախաձեռնության հետագա գործունեությունը համակարգելու նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ: