«Սիվիլիթաս» հիմնադրամի եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի շուրջ ստեղծված իրավիճակն ու քրեական գործի պատմությունը ցույց են տալիս, որ Հայաստանում փողերի լվացումն ու արտասահմանյան կապիտալի մասնակցությամբ քաղաքական գործընթաց ծավալելը հնարավոր են միայն առաջին հայացքից:

Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «Ըստ էության, Վարդան Մինասիչը հայտնվել է բավականին անհարմար իրավիճակում: Նրա վերադարձը հրապարակային քաղաքականություն, քննադատական մոտեցումները ԲՀԿ-ի հիմնական գործընկեր ՀՀԿ-ի նկատմամբ եւ ՀԱԿ-ի հետ բացահայտ համագործակցության ինժեներիան ունեցան ճիշտ հակառակ արդյունքը: ԲՀԿ-ն այդպես էլ խոսքերից չանցավ գործի` ինչ-որ տեղ ՀՀԿ-ի համար ամորտիզացնելով քաղաքական դաշտը, իսկ Օսկանյանը մնաց «սպիտակ ագռավի» կարգավիճակում` այդպես էլ չկարողանալով համոզել Գագիկ Ծառուկյանին` զոհաբերել իր բիզնեսն ու անձնական հարաբերությունները եւ բացահայտ առճակատման գնալ ՀՀԿ-ի հետ: Ուշագրավ է, որ մամուլում հայտնվել է տեղեկատվություն առ այն, թե «Սիվիլիթասի» հիմնական դոնորներից ամերիկացի գործարար Հանթսմանը մասնավոր զրույցների ընթացքում շեշտում է, որ ինքը գումարներ է տվել Օսկանյանին ոչ թե քաղաքական կարիերա անելու համար, այլ բարեգործական նպատակներով, եւ այժմ խիստ հիասթափված է փողերի լվացման պատմությունից, որի կիզակետում Օսկանյանի հետ համատեղ ակամայից հայտնվել է նաեւ ինքը:

Ընդհանրապես, ամերիկյան գործարարների համար խիստ կարեւոր է բարի համբավի գործոնը, քանզի նրանց մեծամասնությունն ընդգրկված է տրանսնացիոնալ բիզնեսում, որտեղ համբավը եւ հեղինակությունը լուրջ ազդեցություն ունեն: Սա նշանակում է, որ առաջիկայում Հայաստանի նախկին արտաքին գործերի նախարարը լուրջ խնդիրներ է ունենալու նաեւ արտասահմանյան ֆինանսավորման մասով...»,- գրում է «Իրատես de facto»-ն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):