Հայաստանի Հանրապետության առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը 2013 թ. մարտի վերջի դրությամբ կազմում է  մոտ 1.03 մլրդ դոլար: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի առաջին եռամսյակի բանբերում; 2012 թ. դեկտեմբերի համեմատ բանկերի արտաքին պարտքը նվազել է մոտ 150 մլն դոլարով:

2013 թ. առաջին եռամսյակի ընթացքում բանկերն ու վարկային կազմակերպությունները արտաքին աշխարհից ներգրավել են 541.3 մլն դոլար վարկային միջոցներ, նախկինում ձեռք բերված վարկերի դիմաց կատարել են 545.2 մլն դոլար հիմնական գումարի մարումներ:

Հիմնական վարկատու երկրներն են Ռուսաստանը, որի տեսակարար կշիռը ամբողջի մեջ կազմել է 16.5 % (նախորդ եռամսյակում` 12.2 %), Լյուքսեմբուրգը` 10.2 % (նախորդ եռամսյակում` 11.3 %), Նիդեռլանդները` 7.9 % (նախորդ եռամսյակում` 5.7 %) եւ Գերմանիան` 5.1 % (նախորդ եռամսյակում՝` 7.0 %): Վարկերի մոտ 35.7 %-ը տրվել է միջազգային կազմակերպությունների կողմից:

Ներգրավված վարկերի միջին կշռված տոկոսադրույքը 2013 թվականի առաջին եռամսյակի վերջին, նախորդ եռամսյակի վերջի համեմատ, մի փոքր աճել է  եւ կազմել 5.7 %: Արտաքին վարկերի 45.4 %-ը լողացող (LIBOR, EURIBOR եւ այլն) տոկոսադրույքով է: