Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին խնդրել է օժանդակել Ամուլսարի ոսկու հանքավայրում ներդրող կազմակերպությանը:

Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր՝ հունիսի 24-ին, ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչին:

Ողջունելով դեսպանին` նախարար Հարությունյանը ներկայացրել է Բնապահպանության նախարարության կառուցվածքը եւ գործառույթները:

Դեսպան Լիչը շնորհավորել է նախարարին բնապահպանության նախարարի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ եւ ընդգծել նախարարության աշխատանքների կարեւորությունը շրջակա միջավայրի պահպանության գործընթացում: «Հայաստանը ունի շատ գեղեցիկ բնաշխարհ, որը ես դեռ նոր եմ բացահայտում»,- նշել է դեսպանը:

Մեծ Բրիտանիայի դեսպանը խոսել է Ամուլսարի ոսկու կորզման հանքավայրի մասին եւ խնդրել նախարարից օժանդակել ներդրող կազմակերպությանն այդ հարցում:

Կողմերը երկուստեք ընդգծել են հանքարդյունաբերության արդյունքում բնապահպանական վնասի նվազեցման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը:

Նախարար Հարությունյանը մասնավորապես ընդգծել է Ամուլսարի ոսկու կորզման հանքավայրի շուրջ ընթացող գործընթացների կարեւորությունը եւ նշել, որ հետագա զարգացումները պետք է ապահովեն Ջերմուկ առողջարանային քաղաքի, Սեւանա լճի, եւ առհասարակ հարակից տարածքների ջրային ավազանի ու կենսաբազմազանության պահպանման համար միջազգային ստանդարտներին համապատասխան պայմաններ:

«Մենք առաջնորդվում ենք կանաչ տնտեսության գաղափարախոսությամբ, եւ յուրաքանչյուր բնապահպանական  ծրագիր, այդ թվում եւ Ամուլսարի նախագիծը, պետք է լինի անթերի»,- ընդգծել է նախարար Հարությունյանը:

Դեսպանի խոսքով շատ կարեւոր է, որ կողմերը հասկանում են ծրագրի իրականացման կարեւորությունը, սակայն պետք է բոլոր ճանապարհները օգտագործել, որպեսզի ծրագիրը լինի անխոցելի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ էկոզբոսաշրջության կազմակերպման մասին հարցեր:

Ավարտին նախարարը դեսպան Լիչին նվիրել է Հայաստանի բույսերի եւ կենդանիների կարմիր գրքերը: