Կապալառու կազմակերպությունները սեփական միջոցներով վերացնում են նախորդ տարիների ասֆալտապատման թերությունները: Երեւանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրին զուգահեռ, ընթանում են նախորդ տարիներին հիմնանորոգված փողոցներում ի հայտ եկած թերությունների վերացման աշխատանքները:
Կապալառու կազմակերպությունների կողմից թերությունների վերացումը, ընդ որում՝ սեփական միջոցներով, նաեւ պայմանագրային հնգամյա պարտավորություն է: Այդուհանդերձ, մայրաքաղաքի փողոցներում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող բոլոր ընկերությունները ծանուցված են հնարավոր թերությունները ժամանակին վերացնելու պահանջի մասին:
Ըստ այդմ, աշխատանքներ են ծավալվել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի փողոցում, որը հիմնանորոգվել էր 2012 թվականին «Սահակյանշին» ՍՊԸ-ի կողմից: Նույն շինարարական կազմակերպությունն էլ վերացրել է թերությունները: Ասֆալտի ծածկույթի վրա հայտնաբերված մանր ճաքերը գոյացել էին նաեւ հարակից անսարք դիտահորի պատճառով, որն էլ նստվածք էր առաջացրել`տվյալ հատվածում նպաստելով ճաքերի առաջացմանը: Մինչ ասֆալտի ոչ պիտանի շերտի հեռացումն ու ասֆալտապատումը, շինարարի կողմից նորով է փոխարինվել նաեւ հին դիտահորը:



























