Հրազդան գետում Գինու գործարանի արտահոսքի մասին «ԷկոԼուր»-ի ահազանգի հիման վրա Բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունը ստուգումներ է անցկացրել: Հունիսի 24-ին, բնապահպանական տեսչության ավագ տեսուչ Գառնիկ Մանուկյանը իր օգնականի, «ԷկոԼուր»-ի աշխատանքային խմբի եւ Գինու գործարանի ներկայացուցչի հետ միասին մեկնել են դեպքի վայր:
Ըստ «ԷկոԼուրի»՝ ավագ տեսուչի եզրակացության համաձայն, իրոք, արտահոսքերը թունավորում են գետը: Բայց դրանում մեղավոր է ճանաչվել «Երեւան Ջուրը»:
Գինու գործարանի ներկայացուցիչը ցույց է տվել պայմանագիրը, որի համաձայն՝ գործարանը «Երեւան Ջուր» ՓԲԸ-ին 1 լիտրի համար վճարում է 25 դրամ: Տրամաբանությունն այն է, որ գործարանը կարող է «Երեւան Ջուր» ՓԲԸ-ից պահանջել իր պարտավորությունների կատարում: Հրավիրված Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը կարծում է, որ խնդիրն ավելի խորն է: «Խողովակները նեղ են, նախատեսված չեն մեծ ծավալի համար: Իսկ հիմա մեկ խողովակի վրա ծանրաբեռնվածությունը ոչ միայն Գինու գործարանից է, այլեւ վերջերս կառուցված մնացած բոլոր օբյեկտներից»,- ասել է մասնագետը:
Եթե դա այդպես է, ապա խնդիրը ծագելու է նորից ու նորից, եթե «Երեւան ջուր»-ն այն չլուծի արմատապես թեպետ վերջերս հաստատված 26 միլիոն դոլարի վարկի հաշվին, որը Հայաստանին տրամադրել է Ֆրանսիայի կառավարությունը:



























