Վերաքննիչ քրեական դատարանում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքով 7 տարվա ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանի բողոքի քննությունը մարտի 5-ին սկսվել է լուրջ միջադեպով:
Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դատավոր Սերժիկ Ավետիսյանին միջնորդել է հետաձգել բողոքի քննությունը եւ թույլատրել Նիկոլ Փաշինյանին մասնակցել Սահմանադրական դատարանում նրա հայցի քննարկմանը, սակայն դատավորը հայտարարել է, թե ՍԴ-ից համապատասխան միջնորդություն չի ստացել եւ չի կարող բավարարել պաշտպանների խնդրանքը: Դատարանի դահլիճում բողոքի ալիք է բարձրացել, հավաքվածներից մի քանիսը դատավորներին մեղադրել են կողմնապահության եւ ապօրինություն կատարելու մեջ: Սերժիկ Ավետիսյանը մի քանի հոգու հեռացրել է դահլիճից եւ ընդմիջում հայտարարել՝ մինչեւ կրքերը կհանդարտվեն:
Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր քննարկում է հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունները անվավեր ճանաչելու հայցը:
Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի



























