Հայաստանի կենտրոնական բանկն այսօր` հունիսի 25-ին, հայտարարություն է տարածել բանկային համակարգի կայունության մասին հրապարակումների վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանի բանկային համակարգին` տեղեկություններ տարածելով, իբրեւ համակարգում տեղի են ունենում տագնապալի գործընթացներ, եւ համակարգի կայունությունը վտանգված է:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ Հայաստանի բանկային համակարգի ֆինանսական կայունությունը վտանգված չէ, եւ որ նմանատիպ լուրերն անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը:

Բանկային համակարգի կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը (նորմատիվային կապիտալի եւ ռիսկով կշռված ակտիվների հարաբերակցությունը) 2013 թ. առաջին եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 16.4%, ընդ որում վերջին 5 տարիների ընթացքում բոլոր բանկերն առանձին բավարարել են կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշի նվազագույն պահանջը` 12% (ընդ որում, Բազելյան կոմիտեի կողմից առաջարկվող նվազագույն սահմանաչափը 8% է):

Բանկային համակարգի չաշխատող վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկերում 2013 թ. առաջին եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 5.2%, որը, չնայած տարեվերջի համեմատ փոքր-ինչ աճել է, սակայն դեռեւս բավական հեռու է ռիսկային համարվելուց (աճը մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ հաշվապահական ձեւակերպման արդյունքում ստանդարտ դասի վարկեր, որոնք, չնայած մնացել են տնտեսությունում, դուրս են եկել առեւտրային բանկերից մեկի հաշվեկշռից եւ սկսել են հաշվառվել մայր բանկի հաշվեկշռում): Համեմատության համար նշենք, որ Արեւելյան Եվրոպայի երկրներում այս ցուցանիշը հասնում է մինչեւ 20%:

Իրացվելիության մակարդակով բանկային համակարգը առավել քան իրացվելի է. բարձր իրացվելի ակտիվների կշիռը ընդհանուր ակտիվներում եւ ընթացիկ պարտավորություններում առաջին եռամսյակի վերջի դրությամբ կազմել են համապատասխանաբար 26.1% եւ 136.1% (նվազագույն սահմանաչափերը` համապատասխանաբար 15% եւ 60%):

Նշենք նաեւ, որ բանկային համակարգի կայունությունը նպաստում է նրան, որ տնտեսությանը տրամադրված վարկերը շարունակում են արագ աճել նաեւ 2013 թ»: