Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները վատթարացել են, գրում են Le Figaro պարբերականը:
Թերթը նշում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հինգշաբթի ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ: Ի նշան բողոքի՝ Անկարան հետ է կանչել ԱՄՆ-ում իր դեսպանին՝ «խորհրդատվություններ անցկացնելու նպատակով»:
«Մենք դատապարտում ենք այդ բանաձեւը՝ որ թուրք ժողովրդին մեղադրում է իր չարած հանցագործության մեջ»,- հայտարարել է Թուրքիայի կառավարությունը:
Այդ բանաձեւը «որեւէ նշանակություն չունի թուրք ժողովրդի աչքում»,- հավելել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, որը սպառնացել է, թե այդ քայլը կարող է բացասական հետեւանքներ ունենալ «բոլոր ոլորտներում»:
Անկարան կարծում է, որ բանաձեւի ընդունումը վկայում է ամերիկյան պատգամավորների մոտ «ռազմավարական տեսլականի բացակայության մասին», այն էլ այն ժամանակ, երբ երկու երկրներն «աշխատում են հարցերի լայն շրջանակի վրա»:
«Թուրքերն ասում են, թե բանաձեւի ընդունումը վատ հետեւանքներ է ունենալու երկկողմ հարաբերությունների վրա, եւ, հնարավոր է, այդպես էլ կլինի»,- ասել է հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը եւ հավելել. «Սակայն ես հավատում եմ, որ Թուրքիան նույնքան կարեւորություն կտա թուրք-ամերիկյան հարաբերություններին, ինչպես մենք Թուրքիայի հետ հարաբերություններին»:



























