Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հանդես է եկել հայտարարությամբ՝ հունիսի 24-ին NİDA-ի երիտասարդ ակտիվիստներ Զաուր Ղուրբանլիի եւ Ռաշադաթ Ահունդովի կալանքը եւս երեք ամսով երկարաձգելու դատական վճռի հետ կապված:
«Մենք շարունակում ենք անհանգստությամբ հետեւել այս տարվա գարնանը ցույցերի ժամանակ ձերբակալված այս եւ այլ անձանց դատական գործերին:
Մենք կառավարությանը կոչ ենք անում ապահովել օրենքի գերակայության վրա հիմնված դատական գործընթացներ: Այդ թվում նաեւ անհապաղ, արդար եւ թափանցիկ դատաքննությունների անցկացում: Մենք ուշադիր կհետեւենք դատական այդ գործերին, ինչպես նաեւ կշարունակենք այդ մասին քննարկումը կառավարության հետ», - ասվում է հայտարարության մեջ:
Ղուրբանլին եւ Ահունդովը NİDA-ի այն յոթ ակտիվիստներից են, որոնք ձերբակալվել էին մարտ-ապրիլ ամիսներին՝ պայթուցիկներ եւ թմրանյութեր ապօրինի պահելու մեղադրանքով: Սակայն, ըստ իրավապաշտպանների, երիտասարդներին հետապնդում են քաղաքական դրդապատճառներով՝ սոցիալական ցանցերում իշխանություններին քննադատելու եւ ցույցերին մասնակցելու համար: Amnesty İnternational-ը բոլոր ձերբակալվածներին ճանաչել է «խղճի գերիներ»:




























