Քրդական հարցի կարգավորման 3-րդ փուլի ավարտվելուն պես Աբդուլլահ Օջալանն ազատ է արձակվելու։ Նման հայտարարություն է արել PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը գերմանական Die Welt պարբերականին տված հարցազրույցում:
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Մուրադ Քարայըլանը գերմանական պարբերականի հետ զրույցում նշել է, թե քրդական հարցի կարգավորման գործընթացը բոլորի համար ավարտվելու է ազատությամբ։ Նա պնդել է, թե այն տարածվելու է նաեւ իրենց առաջնորդ Աբդուլլահ Օջալանի վրա։
«Աբդուլլահ Օջալանի ազատության հարցը կապված է, թե ինչպես կընթանա գործընթացը։ Այժմ ամենակարեւորը այն է, որ նա ակտիվ դերակատարում կարողանա ունենալ եւ մեր շարժման հետ շփման մեջ լինի, ինչը կապված է նրա բանտային պայմանների բարելավման հետ։ Եթե խաղաղության գործընթացի 3-րդ փուլն ավարտվի, բոլորի պես 4-րդ փուլում Օջալանն էլ ազատ կլինի»,-ասել է Քարայըլանը։
Լրագրողի այն հարցին, թե PKK-ն ինչ է ուզում, Քարայըլանը պատասխանել է, թե խաղաղություն, ժողովրդավարություն եւ քրդերի համար հաղթանակ, բայց ոչ ազգային պետություն։ «Անկախ պետություն մեր օրակարգում չկա։ Պետությունը բռնության աղբյուր է եւ մարդկանց հարցերը չի լուծում։ Ուզում ենք դա փոխել։ Ուզում ենք ժողովրդավարական կոնֆեդերալիզմ։ Ամեն ազգից, ամեն կրոն դավանող կարող է դրան միանալ եւ եղբոր պես միասին ապրել»,-նշել է PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը։



























