Հայաստանյան շուկայում սկսել է գործել «ՕՄՎԼ Արմենիա» ընկերությունը, որը նոր էջ է բացում ներքին այրման շարժիչների համար նախատեսված գազաբալոնային համակարգերի տեղադրման եւ սպասարկման ոլորտում: «ՕՄՎԼ Արմենիա»-ն հանդիսանում է համաշխարհային շուկայում առաջատար դիրք զբաղեցնող իտալական OMVL spa ընկերության պաշտոնական եւ բացառիկ ներկայացուցիչը ՀՀ-ում:
Այսօր՝ հունիսի 25-ին, տեղի է ունեցել «ՕՄՎԼ Արմենիա» ընկերության բացման արարողությունը, որին ներկա էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին, OMVL spa ընկերության վաճառքի գծով տնօրեն Անդրեա Վարիսկոն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ Հրանտ Թադեւոսյանը, գործարար շրջանակների ներկայացուցիչներ:
«ՕՄՎԼ Արմենիա» ընկերությունն իրականացնում է տրանսպորտային միջոցների գազաբալոնային համակարգերի հետ կապված ծառայությունների ողջ շղթան՝ տեղադրում, փորձարկում, կարգավորում եւ երաշխիքային սպասարկում: Մեր մասնագետների կողմից տեղադրված համակարգերի հիմնական բաղադրիչները նախագծված են եւ արտադրված իտալական OMVL ընկերության կողմի, ինչը երաշխավորում է շարժիչի աշխատանքի օպտիմալ ներդաշնակեցում որպես մեկ միասնական համակարգ»,-նշել է «ՕՄՎԼ Արմենիա»-ի գործադիր տնօրեն Պարույր Մկրտչյանն ու հավելել. «Մենք տիրապետում ենք ոչ միայն բենզինային շարժիչների, այլ նաեւ դիզելային շարժիչների փոխակերպման տեխնոլոգիաներին, որը նորամուծություն է հայաստանյան շուկայում եւ մեծ պահանջարկ ունի տնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հասարակական տրանսպորտը, շինարարությունն ու հանքարդյունաբերությունը»:
Իր հերթին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ Հրանտ Թադեւոսյանն ասել է. «Սեղմված բնական գազով աշխատող ավտոմեքենաների քանակի առումով Հայաստանն առաջատար դիրքեր է զբաղեցնում աշխարհում: Հանրապետության տարածքում ներկայում գործում են շուրջ 325 ԱԳԼՃԿ-ներ: Այսօր շատ երկրներ փորձում են տրանսպորտային ոլորտում անցում կատարել բենզինից բնական գազի, եւ համեմատության համար նշեմ, որ Ռուսաստանի տարածքում այսօր կա ընդամենը 250 գազալցակայան: Կարծում եմ, որ այս թվերը խոսում են եւ վկայում են, թե որքան առաջատար է Հայաստանն այս ոլորտում»:
Բացի շարժիչների փոխակերպումից «ՕՄՎԼ Արմենիա»-ն առաջարկում է մեկ այլ փոխկապակցված ծառայություն՝ իտալական գործընկերների հետ համատեղ նախագծում եւ տեղադրում է Sicom եւ Graf ընկերությունների մինի եւ ամբողջական գազալցակայաններ: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ այդ գազալցակայանները հետաքրքիր են Հայաստանի շուկայի համար, քանի որ ոչ միայն արդիական են, այլ նաեւ գնային առումով համեմատաբար մատչելի:
































