ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը («Ճոյտ») Մամիկոնյանց (նախկին Ֆուրմանով) փողոցում 18 հարկանի շենք է կառուցում, որի 5 հարկն արդեն պատրաստ է, սակայն դեռ չի վաճառում, քանի որ ռիսկայնությունը մեծ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Հակոբ Հակոբյանը:
Նրա խոսքով, 12-13 հարկից հետո նոր նախնական պայմանագրեր են կնքելու: «Եթե մարդը գումար է տալիս շատ անհանգիստ է լինում: Փորձում ենք այնպես անել, որ գումարը վճարելուց հետո 5-6 ամիս հետո արդեն կարողանա ապրել իր բնակարանում: Իսկ մինչեւ տարեվերջ 12-րդ հարկը փորձում ենք ավարտին հասցնել»,- նշեց Հակոբ Հակոբյանը եւ ավելացրեց, որ մի քանի հոգով են շենքը կառուցում:
Նրա խոսքով՝ այս պահին պարտքեր չունեն, բայց լինում են դեպքեր, երբ վարկ են վերցնում եւ 2-3 ամսվա ընթացքում մարում: Դիտարկմանը, թե շատերը դժգոհում են, որ Հյուսիսային պողոտայի շենքերը չեն վաճառվում, այս դեպքում որքանով է շահավետ շենք կառուցելը, երբ սպառում չկա, նախկին պատգամավորն ասաց. «Դա այդքան էլ ադպես չէ: Մեր դրսի գործարարները տները առնում գնում են եւ դրսից, որ տեսնում եք լույսերը չի վառվում դա չի նշանակում, որ բնակարանները վաճառված չեն, պարզապե մարդիկ այստեղ չեն ապրում»,- ասաց Հակոբ Հակոբյանը: Նրա փոխանցմամբ քաղաքապետարանը սկսած առաջին օրվանից իրենց կառուցվելիք շենքում վերահսկողություն է իրականացնում: Իսկ գնային առումով նախատեսել են վերանորոգված վիճակում, բնակարանների մեկ քմ-ն 1000 դոլարով վաճառել:



























