Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում տեղի ունեցած դանակահարության գործով կա ձերբակալված անձ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 23-ին ժամը 23.40-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգել են, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Մարմարաշեն գյուղի բնակիչներ 23-ամյա Իսրայել Հովհաննիսյանը, 20-ամյա Սիմոն Հովհաննիսյանը եւ 18-ամյա Պարույր Հակոբյանը: Պարզվել է, որ նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում, Մարմարաշեն գյուղում կենցաղային հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջեւ, որն ավարտվել է դանակահարությամբ:
Ոստիկանության լրատվության վարչությունը նոր մանրամասներ է հայտնել դեպքի կապակցությամբ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ հիվանդանոց տեղափոխվածները ի վիճակի չեն եղել բացատրություններ տալու:
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Իսրայել Հովհաննիսյանին, Սիմոն Հովհաննիսյանին եւ 1991 թ. ծնված Տիգրան Հ.-ին հունիսի 23-ին Մարմարաշեն գյուղում դանակով հարվածել եւ թափանցող մարմնական վնասվածքներ է հասցրել նույն գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Հարություն Ս.-ն, իսկ Պարույր Հակոբյանի գլխի շրջանում կռփազենքով հարվածել եւ մարմնական վնասվածք է պատճառել Մարմարաշենի բնակիչ, 1987 թ. ծնված Գեւորգ Հ.-ն:
Հարություն Ս.-ն ձերբակալված է:
Գեւորգ Հ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Նախաքննությունը շարունակվում է:


























