«Պեգաս լոջիք» ընկերությունը գյուղատնտեսության ոլորտի համար առաջարկում է ջերմոցների եւ ինկուբատորների ավտոմատ կառավարման համակարգեր: Այդ մասին NEWS.am-ին ասաց «Պեգաս Լոջիք» ընկերության տնօրեն Մանուկ Շեմսյանը: Նշենք, որ ընկերությունը ինկուբատորների կառավարման համակարգը ներկայացրել էր նաեւ հունիսի 21-22-ին Երեւանում տեղի ունեցած «ԴիջիԹեք Բիզնես ֆորում»-ում:
Համակարգը թույլ է տալիս հսկել ձվի ինկուբացիայի ողջ ընթացքը, հիմնականում` ջերմաստիճանը եւ խոնավությունը, ինչը բավական բարդ խնդիր է: «Ստացել ենք լուրջ արդյունքներ` ընդհանուր արտադրանքը 2-5% ավելի է ստացվում, քան սովորական համակարգերում»,- ասաց Մ. Շեմսյանը: Ընկերության պրոդուկտը փորձարկվել է հայկական թռչնաֆաբրիկաներից մեկում, սակայն, ցավոք, մյուսները նախընտրում են հիմնականում չինական համակարգեր: Վերջիններս ավելի էժան են, սակայն, Մ. Շեմսյանի կարծիքով, էժան ալգորիթմներ կիրառելով՝ լուրջ համակարգ չեն կարող ունենալ: Հայկական տեխնոլոգիան նախընտրելի է նաեւ նրանով, որ հնարավոր է տեխնիկական սպասարկում իրականացնել: Տեղական պատվերների բացակայության պատճառով հայկական տեխնոլոգիաները հիմնականում առաջարկվում են ռուսաստանյան շուկայում:




























