ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ըդնունումը հայկական լոբբիի մեծ ձեռքբերումն է, որից այս տարի ավելի մեծ ջանքեր պահանջվեցին, քան նախորդ տարիներին: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Նա ընդգծել է, որ հայ լոբբիստների խնդիրը բարդացրին հայ-թուրքական բանակցություններն ու արձանագրությունները: «Դրա ցայտուն օրինակը կոնգրեսմենների ելույթներն էին, որոնք որպես բանաձեւին դեմ քվեարկելու փաստարկ՝ նշում էին հենց հայ-թուրքական բանակցությունները: Շատերը նույնիսկ նշում էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, թե հայ-թուրքական արձանագրությունների ընդունումը ձեռնտու է Հայաստանին»,- նկատեց Ռուստամյանը: Ռուստամյանը՝ նշելով, որ ՀՅԴ-ն դեռ շատ ամիսներ առաջ էր զգուշացրել, որ արձանագրությունները բացասաբար են ազդելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործի վրա, հայտնել է, որ թուրք պատվիրակները Վաշինգտոնում շատ լավ են աշխատել, եկել են լավ պատրաստված եւ խորհրդակցել գրեթե յուրաքանչյուր կոնգրեսմենի հետ:
Խոսելով քվեարկության մասին՝ նա նկատել է, որ 23 կոնգրեսմենները, որոնք «Կողմ» են քվեարկել, գործել են՝ ելնելով բացառապես իրենց խղճի թելադրանքից:
Ըստ Ռուստամյանի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բանաձեւի ընդունումն առաջին հաջողությունն է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից եւ այդ ֆոնին լռությունից հետո: Նա ասել է, որ հաջողությունը Կոնգրեսում պետք է ցույց տա Անկարային, որ չնայած իր ջանքերին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը չի կանգնելու:



























