Հայաստանի քաղաքաշինության նախարարությունը քննարկում է էներգաարդյունավետության վերաբերյալ ԵՄ երկու դիրեկտիվների տեղայնացումը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են «Էներգետիկայի ինստիտուտ» ՓԲԸ-ից:

Դիրեկտիվներից առաջինը՝ 2010/31, շինությունների էներգետիկ պրոֆիլի մասին է, առաջարկում է սահմանել շենքերի էներգասպառման հաշվարկի մեթոդիկա, նոր եւ վերանորոգվող շինությունների էներգակիրառման նվազագույն պահանջներ, կառուցվածքի տարրերի փոխանակման պահանջներ: Առաջարկվում է նաեւ սահմանել էներգիայի տնտեսող կիրառմամն շինությունների թվի աճի ազգային ռազմավարություն:

Երկրորդ դիրեկտիվը՝ 2012/27, վերաբերում է էներգաարդյունավետությանը եւ նախկինում ընդունված դիրեկտիվներին: Առաջարկվում է հատուկ ուշադրություն դարձնել պետական ծախսերին եւ հանրային շենքերի էներգասպառմանը: Դա լրջորեն կնպաստի ԵՄ հռչակած ռազմավարական նպատակներից մեկին՝ 2050-ին՝ 1990թ. Համեմատ ջերմոցային գազերի արտանետումների 80-95 տոկոս նվազմանը: «Այդ դիրեկտիվներում առկա դրույթների մի մասը հարկ է ընդունել օրենսդրության մեջ, մյուսները՝ ավելի սպեցիֆիկ, տեխնիկական կարգավորումներում»,- նշեցին ինստիտուտի մասնագետները:

Հայաստանում դիրեկտիվների տեղայնացումը կստեղծի էներգետիկ աուդիտի ծառայությունների պահանջարկ: