Հայաստանում հողմակայանների խնդիրը շարունակում է մնալ օդից կախված:  Քչերն են այդ մասին մտածում: Ժամանակ առ ժամանակ հողմակայանների նախագծով հետաքրքրվում են արտասահմանցի ներդրողները, բայց տարբեր պատճառներով հրաժարվում են:

Ժամանակին փոքր ՀԷԿ-երի բախտն ավելի շատ բերեց. 90-ականների վերջին դրանցով հետաքրքրվեցին Հայաստանի էներգետիկայի հանձնաժողովի  (այժմ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով) էնտուզիաստները:

ՀԷԿ-երի անհրաժեշտության եւ մասնավոր հատվածի համար եկամտաբերության գաղափարը ժամանակի հետ նյութականացվեց  շահավետ սակագներով, որոնք գործում են առայսօր:

Հողմակայաններով հետաքրքրված հայ գործարարները եզակի են: Ամբողջապես կամ մասամբ Հայաստանի կողմից ֆինանսավորվող մի քանի նախագծեր այդպես էլ չիրագործվեցին: Առաջին դեպքում խոշոր հողմային ՀԷԿ-ին ձեռնտու չէր ՀԾԿՀ-ի սակագինը: EBRD-ի արտոնյալ վարկային ծրագրով ներդրողին առաջարկեցին ավելի փոքրը կառուցել, բայց նա հրաժարվեց:

Երկրորդ դեպքում տեղի ներդրողն առաջարկեց կառուցել, սակայն արտասահմանցի համաներդրողը Հայաստանը ռիսկային գոտի համարեց եւ հրաժարվեց նախագիծը ֆինանսավորելուց:

Եվս մեկ ուշագրավ օրինակ հանդիպեց մի քանի տարի առաջ, երբ քամու էներգիայի ոլորտում որոշեց ներդրում կատարել գործարար պատգամավորը: Ընդ որում՝ ոչ թե հետաքրքրությունից դրդված, այլ կանոնների համաձայն. Պատվիրեց  տեղագրական հանույթը, քամու պարամետրերի հետազոտություններ: Բայց նրա վերլուծությունում սակագինը ՀԾԿՀ-ի առաջարկած 35 կվտ/ժ-ից զգալի բարձր ստացվեց:

Եվ եթե փոքր ՀԷԿ-երի դեպքում ընդառաջ  քայլ արվեց, այդ թվում՝ սակագնի հարցում, ապա այս դեպքում արդեն քանի տարի անդրդվելի են: Անգամ պատգամավորական լոբբինգը չի օգնում: Փաստորեն, հողմակայանները Հայաստանում անօգուտ բան են համարում՝ առավոտվա վազքի նման: Ինչո՞ւ վազել, եթե կարելի է նստած տեղը փող վաստակել:

Արամ Գարեգինյան