Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհուրդը 2013 թ. հունիսի 25-ի նիստում որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ` 8%:
2013 թ. մայիսին արձանագրվել է 0.02% գնանկում, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.3% գնանկման պարագայում, հանգեցրել է 12-ամսյա գնաճի բարձրացմանը՝ մայիսի վերջին կազմելով 5.2%:
ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղման միտումները: Այդ պայմաններում ինչպես հումքային, այնպես էլ պարենային հիմնական ապրանքների միջազգային շուկաներում գրանցվել են գնանկումային միտումներ: Այս զարգացումների ներքո, կանխատեսվող հորիզոնում արտաքին հատվածը կբնութագրվի համաշխարհային տնտեսական աճի վերականգնման դանդաղ տեմպերով եւ ոչ գնաճային ազդեցություններով:
ԿԲ խորհրդի գնահատմամբ`վերջին զարգացումների համաձայն ՀՀ տնտեսությունում, ինչպես եւ ակնկալվում էր, շարունակվել է գյուղատնտեսության առաջարկի շոկի աստիճանական մարման ազդեցությամբ իրական սպառման՝ նախորդ տարում ձեւավորված հավելուրդային աճի կրճատումը: Դա ուղեկցվել է կառավարության կողմից իրականացված կանխատեսվածից ավելի զսպող հարկաբյուջետային քաղաքականությամբ: Արդյունքում, կանխատեսվող հորիզոնում գնաճի վրա ներքին պահանջարկի ազդեցությունը մնում է ոչ գնաճային: Նշված գնանկումային գործոնների պայմաններում երկրորդ եռամսյակում գնաճային միջավայրի ընդլայնումը պայմանավորվել է հիմնականում գյուղատնտեսության ճյուղի բացասական զարգացումներով, մասնավորապես՝ եղանակային վատ պայմանների հետեւանքով վեգետացիոն շրջանի ուշացմամբ, ինչպես նաեւ ձեւավորված գնաճային սպասումներով: Դա արտահայտվել է պարենային ապրանքների գների՝ սպասվածից քիչ անկմամբ, որի արդյունքում էլ, ըստ ԿԲ գնահատումների, կիսամյակը կավարտվի 12-ամսյա գնաճի՝ կանխատեսվածից բարձր ցուցանիշով:
Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ ձեւավորված բարձր գնաճային միջավայրը ժամանակավոր առաջարկի շոկի արդյունք է, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: ՀՀ ԿԲ կողմից դրական իրական տոկոսադրույքի պահպանումը հնարավորություն կտա խարսխել գնաճային սպասումները եւ նպաստել տնտեսական ակտիվության բարձրացմանը: Վերջինիս օժանդակել է նաև ԿԲ մեկ այլ գործողություն՝ դրամով պարտադիր պահուստավորման նորմայի իջեցումը, որով ԿԲ-ն բավարար դրամային իրացվելիություն է ապահովել տնտեսություն:
Միաժամանակ, ԿԲ-ն պատրաստ է համապատասխանորեն արձագանքել հուլիսից էներգակիրների սակագների բարձրացման ազդեցությամբ գնաճային սպասումների եւ դրա երկրորդային ազդեցությունների դրսեւորումներին:
Այս պարագայում գնահատվում է, որ մինչև հաջորդ տարվա երկրորդ կիսամյակ 12-ամսյա գնաճը կմոտենա 4% նպատակային ցուցանիշին և կանխատեսվող հորիզոնում կպահպանվի դրա շրջանակներում, իսկ տնտեսական աճը կձեւավորվի իր հավասարակշիռ մակարդակում:




























