Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը մտահոգված չէ մարզպետարանում պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ Ֆինանսների նախարարության կողմից կատարված ուսումնասիրությունները վերաբերում են 2012թ աշնան եւ 2013թ գարնան ժամանակահատվածին, իսկ ինքը սկսել է պաշտոնավարել հենց 2013թ գարնանը: «Ոչ այն ժամանակ էր հայտնաբերվել եսիմ ինչ մեծ բան, ոչ էլ հիմա: Ուսումնասիրություն են արել, խոսեցրել են մարդկանց, թե դու ստացել ես վառելիք, այս մարդը ասել է` ոչ, գրել են, որ այդ մարդը ասել է ոչ, բայց ամբողջ հարցն այն է, որ հնարավոր է նրա փոխարեն հարեւանն է ստացել կամ բարեկամը, դեռ պարզելու խնդիրներ կան: Ասել չարաշահում է` ճիշտ չէ, բայց ինչ-որ բան սխալ է: Դեռ պարզ չէ` չարաշահում, խախտում կա դրա մեջ, թե չէ, քննությունից պարզ կլինի: Սա չարաշահում չէ, ուրիշ բան է»,- նշեց մազպետը:
Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ առայժմ որեւէ փսատ չկա, որ ինքը մարզպետարանի որեւէ աշխատակցի աշխատանքից ազատի, բայց եթե պարզվի, որ թույլ վերահսկողություն է եղել, չարաշահում, խախտումներ են թույլ տրվել, ապա ոչ ոք անպատիժ չի մնա: «Մեր մասով, որ ես պետք է կառավարեի, անեի, սխալ չկա, հաստատ կարող եմ ասել»,-նշեց նա:
Շիրակի մարզպետը պարզաբանեց, որ դիզվառելիքի բաշխումը կատարում է գյուղնախարարությունը, գյուղերը ներկայացնում են հայտ, թե ինչ քանակությամբ է պետք եւ դրանք տրվում են: Ուստի այժմ պետք է պարզվեն, թե որ օղակում է խախտում եղել: «Հայտնի չէ` կա չարաշահում, թե ոչ, փաստը կա, որ այդ մարդը չի ստացել, բայց այդ փաստով պետք է ապացուցվի, որ բաժանողը դիտավորություն է ունեցել, կամ անփութություն է եղել»,- ասաց մարզպետը` վստահեցնելով, որ իր կողմից որեւէ չարաշահում, թույլ վերահսկողություն չի եղել:
«Իմ կողմից որեւէ սխալ թույլ չի տվել,ես նման բաների մեջ չկամ, էնքան բան է անցել գլխովս, գայի այստեղ սխալվեի՞: Հարցաքննության էլ չեն կանչել, նման խնդիր չկա: Ո՞նց կարող է ես այստեղ լինեմ ու ատկատ լինի»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը` ի պատասխան մեր հարցի, թե Շիրակի մարզպետարանում «ատկատներ» կան, թե ոչ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում 2013 թվականի հունիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 4-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է չորս քրեական գործ` ՀՀ կառավարության 2012-2013թթ. մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ եւ ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ: Բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննություն ապահովելու նպատակով հիշյալ չորս քրեական գործերը, ինչպես նաեւ նշված գործընթացում Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցների կողմից կատարված նույն հանցագործությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013թվականի մայիսի 03-ից քննվող քրեական գործը միացվել են մեկ վարույթում: Կատարվում է նախաքննություն:




























