Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը չի բացառել, որ հուլիսից գազի ու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պատճառով կբարձրացնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այդ մասին նախազգուշացումը տեղ է գտել հունիսի 25-ի վերաֆինանսավորման արձանագրությունում եւ ունի հետեւյալ տեսքը. «ԿԲ-ն պատրաստ է համապատասխանորեն արձագանքել հուլիսից էներգակիրների սակագների բարձրացման ազդեցությամբ գնաճային սպասումների եւ դրա երկրորդային ազդեցությունների դրսեւորումներին»: Երբ ԿԲ-ն նշում է, որ կարձագանքի գնաճային սպասումներին, առաջին հերթին նկատի ունի վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխումը: Կամ այլ խոսքով` փողի թանկացումը:

Վերաֆինանսավորման 8%-ն արդեն իսկ հայկական դրամին չի դասում էժան փողերի շարքին, հաշվի առնելով, որ Եվրոպայի կենտրոնական բանկի տոկոսադրույքը 0.25% է: Այս 8%-ն էլ մեզ մոտ սահմանվել է 2011 թ. սեպտեմբերին ու դրանից հետո չի փոփոխվել:

Արեւմուտքում վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը ամենակարեւոր ազդակներից է, ու մեծապես ազդում է ֆինանսական շուկաների իրավիճակի ու սպասումների վրա: Այն լրջորեն անդրադառնում է շուկայական տոկոսադրույքների վրա, ինչպես նաեւ կարող է փոխարժեքային տատանում առաջացնել: Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը որոշակի դերակատարում ունի միայն կենտրոնական բանկի եւ առեւտրային բանկերի հետ կարճաժամկետ գործարքներում, սակայն որպես սպասումները կառավարող գործիք ընդունելի չէ: Ասել, թե առեւտրային բանկերն իրենց ընթացիկ քաղաքականությունը պայմանավորում են վերաֆինանսավորման տոկոսադրույքով` սխալ կլինի:

Այնուամենայնիվ` վերաֆինանսավորման տոկոսադրույքի որոշման մեթոդոլոգիան հստակեցումների կարիք ունի: Տոկոսադրույքի բարձրացումը նշանակում է դրամավարկային քաղաքականության խստացում, իսկ արդյո՞ք դա ընդունելի է:

Բնականաբար` Հայաստանը չի կարող հուլիսից հետո խուսափել բարձր գնաճից, կապված գազի ու էլեկտրաէներգիայի թանկացման հետ: Սակայն այդ թանկացումներն ուղղակիորեն կապ չունեն ԿԲ-ի հետ, այսինքն`հետեւանք չեն դրամավարկային պայմանների փոփոխման: Մեր կարծիքով` չի կարելի դրամավարկային խստացումներով պայքարել գնաճային այն շոկերի հետ, որոնք դրամավարկային պայմաններից չեն բխում: Այլապես ստացվում է հետեւյալը. էներգակիրները թանկանում են, ու մեր տնտեսությունը հայտնվում է ավելի ծանր պայմաններում: Դրան զուգահեռ` խստացնում ենք դրամավարկային պայմաններն, ու մեր տնտեսությունն ավելի վատ պայմաններում է հայտնվում: Սա չի կարելի արդարացի համարել: Չի կարելի տնտեսության իրական հատվածի շահերը զոհաբերել կեղծ գաղափարախոսություններին, անգամ եթե այդ կեղծ գաղափարախոսությունները հասցված են մինչեւ օրենսդրության  աստիճան:

Սամվել Ավագյան