Ներքին հարցերը եւ արտաքին մարտահրավերներն այն աստիճանի են հասել, որ Հայաստանի նախագահի կողմից ժողովրդին ուղղված կոչի անհրաժեշտություն է ծագել: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ի մամուլի ասուլիսում նշել է Դաշնակցության Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
Ըստ նրա՝ երկրի առաջնորդը պետք է հստակ կանխորոշի խաղի կանոնները, որոնց օգնությամբ երկիրը հնարավորություն կունենա դուրս գալ ստեղծված իրավիճակից: «Իշխանության կողմից իրավիճակի ընդհանուր գնահատականի կարիք կա, հակառակ դեպքում ստացվում է, որ իշխանություններն ստեղծված իրավիճակում համարժեք չեն գործում, իսկ նրանց գործողություններն օգուտ տալու փոխարեն էլ ավելի են բարդացնում գործընթացը», - նշել է Աղվան Վարդանյանը՝ հերթական անգամ ընդգծելով, որ երկիրն արմատական փոփոխությունների կարիք ունի:
«Անհրաժեշտ է փոխել կառավարման ներկայիս համակարգը, գտնել մի մեխանիզմ, որի միջոցով իշխանությունը եւ ընդդիմությունը կգործեն որպես մեկ համակարգի բաղկացուցիչ մասեր, կլրացնեն եւ կզսպեն միմյանց», - ասել է ՀՅԴ-ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ չպետք է ընտրությունների սպասել, քանի որ Հայաստանում ընտրական համակարգը մինչեւ այժմ չի գործում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























