Դանակներով զինված անհայտ անձանց կողմից Բեյրութում միկրոավտոբուսի վրա գործած հարձակման հետեւանքով երկու հայ է վիրավորվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Լիբանանի «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը՝ նշելով, որ տուժած հայերից մեկը Լիբանանի քաղաքացի է:
Քանդահարյանի խոսքով` տուժած հայերի վիճակը գնահատվում է որպես կայուն, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Միջադեպը տեղի է ունեցել Բեյրութի արեւելյան հատվածում` քրիստոնեական թաղամասում: Տուժած հայերի տարիքի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:
«Սակայն եթե հաշվի առնենք, որ միկրոավտոբուսի ուղեւորները ֆիլմի նկարահանումների էին ուղեւորվում, ապա, ամենայն հավանականությամբ, խոսքը համեմատաբար երիտասարդ մարդկանց մասին է: Ըստ չհաստատված տվյալների, տուժածներից մեկը կին է»,-ասել է Քանդահարյանը:
Ընդգծենք, որ արեւմտյան լրատվամիջոցների հրապարակումների համաձայն` սիրիացի առնվազն 20 փախստականներ տեղափոխվել են Բեյրութի հիվանդանոց` նրանց միկրոավտոբուսի վրա դանակներով զինված անհայտ անձանց հարձակումից հետո: Միջադեպի արդյունքում զոհվածներ չկան, սակայն բազմաթիվ սիրիացիներ լուրջ վնասվածքներ են ստացել: Հանցագործների դրդապատճառներն անհայտ են:




























