ՆԱՏՕ-ն զերծ է մնում մեկնաբանել Հյուսիսատլանտայն դաշինքի անդամներ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ առաջացած լարված իրավիճակը, որ ստեղծվել է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բաանձեւի ընդունումից հետո: «Մենք չենք մեկնաբանում»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանից:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 4-ին 23 կողմ, 22 դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Թուրքիան ԱՄՆ-ից ետ է կանչել իր դեսպան Նամըք Թանին՝ «խորհրդատվություններ անցկացնելու նպատակով»:

Միեւնույն ժամանակ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում կտրուկ սառեցումը կարող է հանգեցնել այդ երկրի՝ Իրաքում եւ Աֆղանստանում գործողություններին մասնակցելու ընդլայնման հարցերում խնդիրների: Վաշինգտոնը ՄԱԿ ԱԽ-ում ակնկալում է ստանալ Թուրքիայի աջակցությունը` Իրանի դեմ պատժամիջոցների հարցում: