Հայաստանում վերջերս կտրուկ ավելացել է հետաքրքրությունը օֆշորների նկատմամբ, ուստի արժե անդրադառնալ նրան, թե ի՞նչ է օֆշորը եւ ինչո՞ւ է գրավում մարդկանց: «Օֆշոր» բառն առաջացել է անգլերեն offshore բառից, որ նշանակում է «ափից մի քիչ հեռու գտնվող» կամ «ափից դուրս»: Դասական իմաստով` օֆշորային գոտիներում ոչ ռեզիդենտ ընկերությունների համար սահմանվում է գրանցման եւ գործունեության հատուկ ռեժիմ: Հարկերից ազատումը տեղի է ունենում այդ երկրի սահմաններում կոմերցիոն գործունեությունից հրաժարման պայմանով: Սա սկզբունքային առանձնահատկություն է` ձեզ թույլ են տալիս գրանցվել, բայց արգելում են իրենց մոտ տնտեսական գործունեություն իրականացնել, որպեսզի տեղական ընկերությունների համար անհավասար մրցակցություն չստեղծվի: Օֆշորն էապես տարբերվում է ազատ տնտեսական գոտուց, որոնցում կարելի է կանոնակարգված տնտեսական գործունեություն իրականացնել:
Որոշ երկրներում օֆշորի փոխարեն օգտագործվում է նաեւ «հարկային ապաստան» արտահայտությունը` tax haven: G-20-ի բանաձեւերում կիրառվել է նաեւ «հարկային դրախտ» տերմինը:
Օֆշորների տեսակները
Օֆշորային գոտիները լինում են մի քանի տիպի:
1. Դասական օֆշորային գոտիներ, որտեղ ընդհանրապես բացակայում են հարկերը եւ հաշվետվություններ չեն պահանջում: Գրանցվելու համար բավարար է միայն տարեկան վճար կատարել, որը երկարաձգվում է ըստ ցանկության:
Հիմնականում դրանք երրորդ աշխարհի ոչ մեծ պետություններ են: Առավել հայտնիներն են` Բահամյան կղզիները, Բրիտանական Վիրջինյան կղզիները, Կայմանյան կղզիները, Սեյշելյան կղզիները, Պանաման: Այդ տիպի օֆշորային գոտիները բնորոշվում են օֆշորային ընկերությունների գաղտնիության մեծ աստիճանով` իշխանությունները բացարձակապես չեն վերահսկում նրանց: Այդ պատճառով հեղինակավոր ընկերությունները եւ բանկերը չեն ցանկանում դրանց հետ գործ ունենալ: Այդ պետությունները ունեն տնտեսության զարգացման ոչ բարձր մակարդակ, սակայն աչքի են ընկնում բարձր քաղաքական կայունությամբ:
2. Օֆշորային գոտիներ` բարձր հարմարավետությամբ կամ ցածր հարկահավաքությամբ: Այդպիսի գոտիներում օֆշորային ընկերություններից պահանջում են ֆինանսական հաշվետվություն եւ տրամադրում են էական հարկային արտոնություններ: Այդ պետությունների կառավարությունները իրականացնում են ավելի կոշտ վերահսկողություն, քան առաջին տիպի երկրներում, վարվում է բաժնետերերի եւ տնօրենների ռեեստր, ընկերությունների հեղինակությունը ավելի բարձր է: Այդպիսի գոտիներ են Իռլանդիան, Ջիբրալթարը, Մեն կղզին:
3. Ոչ ստանդարտ օֆշորային գոտիներ: Այստեղ ընդգրկված են այն երկրները, որոնք իրենց մոտ գրանցված եւ իրենց երկրից օգուտներ չունեցող ընկերություններին տրամադրում են հարկային արտոնություններ կամ բիզնես վարելու այլ առավելություններ: Այդ խմբի երկրներից ամենամեծ ճանաչում ունի Կիպրոսը, որը Եվրամիության կազմում ընդգրկվելուց հետո օֆշորային ընկերությունների մեծ ներհոսք ունեցավ: Սա միակ երկիրն է, որտեղ միջազգային ընկերությունների համար գործում են միջկառավարական համաձայնագրեր` երկակի հարկումից խուսափելու համար: Սակայն ըստ նորագույն դասակարգումների` Կիպրոսն այլեւս օֆշոր չէ: Հատկապես այս տարվա փետրվարի «կիպրոսյան ճգնաժամից» հետո այդ երկրում լրացուցիչ խստացումներ են կատարվել: Հատկանշական է, որ կիպրոսյան ճգնաժամից հետո Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն առաջարկեց Ռուսաստանում եւս ստեղծել օֆշորներ` Սախալինում եւ Կուրիլյան կղզիներում, որպեսզի ռուսներն իրենց կապիտալն այլ երկրներ չհանեն:
Օֆշորների գրավչությունը
Օֆշորային ընկերությունները բազմաթիվ առավելություններ ունեն: Օֆշորային սխեմաների բազմազանությունը թույլ է տալիս ազատորեն տեղաշարժել միջոցները: Օֆշորային ընկերությունը կարող է գործունեություն ծավալել ամբողջ աշխարհում, բացել մասնաճյուղեր կամ ներկայացուցչություններ, դուստր ընկերություններ, այլ ընկերության հետ բացել նոր ընկերություն կամ դրանցում ձեռք բերել փայամասնակցություն: Նրանք իրավասու են օֆշորային հաշիվներ բացել ողջ աշխարհում, ցանկացած տիպի պայմանագրեր կնքել, ներդրումներ անել, խաղալ բորսայում կամ արժութային շուկայում: Սակայն գլխավորը` ստացված շահույթներից նվազագույն հարկավճարումն է կամ ընդհանրապես հարկերի վճարման բացակայությունը: Օֆշորային ընկերությունները պարտավոր չեն ամենամյա աուդիտ անցկացնել կամ հաշվապահական հաշվետվութուններ հանձնել:
Օֆշորների այս առավելությունների շնորհիվ յուրաքանչյուր տարի եւ զարգացած եւ զարգացող երկրները հսկայական գումարներ են կորցնում չվճարված հարկերի եւ կապիտալի արտահոսքի պատճառով: Հատկապես մեծ վնասներ են կրում զարգացող երկրները: Ըստ որոշ գնահատականների` զարգացող երկրները տարեկան շուրջ 150 մլրդ դոլար են կորցնում պետբյուջե չփոխանցված հարկերի տեսքով: Գերտերությունների կողմից ներկայում ձգտում կա վերահսկելի դարձնել օֆշորները, հատկապես` բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը դարձնել պարտադիր: Այս պատճառով օֆշորների մի մասը կարող է ժամանակի ընթացքում կորցնել գրավչությունը:
Օֆշորային գոտիների ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը: 2012 թ. հունիսից ուժի մեջ մտած որոշման համաձայն` օֆշորային են ճանաչվել 91պետություններ կամ տարածքներ (տես ցանկը): Ընդ որում` օֆշորների թիվը նախորդ ցանկի համեմատ ավելացել է 24-ով` ներառելով նաեւ Կիպրոսը: Առայժմ հստակ պաշտոնական վիճակագրություն կամ գնահատականներ չկան, թե Հայաստանից որքան գումար է հոսել կամ հոսում դեպի օֆշորներ: Հայկական ընկերությունների համար առավել նախընտրելի են Լիխտենշտեյնը, Բրիտանական Վիրջինյան կղզիները, Պանաման, Բահամյան կղզիները, Կայմանյան կղզիները, Կիպրոսը:
Ցանկ օֆշորների
1 Անդորայի Իշխանություն
2. Անթիլյան կղզիներ (Նիդերլանդներ)
3. Անտիգուա եւ Բարբուդայի Պետություն
4. Ամերիկայի Միացյալ Նահանգներ (միայն հետեւյալ տարածաշրջաններում)
- Գուամ կղզի
- Դելավեր նահանգ
- Պուերտո Ռիկոյի Համագործակցություն
- Վայոմինգ նահանգ
- Օրեգոն նահանգ
5. Արուբա կղզի (Նիդերլանդներ)
6. Բահամյան կղզիների Համագործակցություն
7. Բահրեյնի Թագավորություն
8. Բարբադոս
9. Բելիզ
10. Բրունեյ-Դարուսսալամ Պետություն
11. Գայանայի Կոոպերատիվ Հանրապետություն
12. Գվադելուպ
13. Գվատեմալայի Հանրապետություն
14. Գրենադա
15. Դոմինիկայի Համագործակցություն (Դոմինիկա կղզի)
16. Դոմինիկյան Հանրապետություն (Հաիթի կղզի)
17. Թանժեր (Մարոկկոյի Թագավորություն)
18. Թոնգայի Թագավորություն
19. Իռլանդիայի Հանրապետություն (միայն Դուբլին եւ Շաննոն քաղաքների տարածքում)
20. Լաբուանի Դաշնային Տարածք (Մալայզիա)
21. Լիբանանի Հանրապետություն
22. Լիբերիայի Հանրապետություն
23. Լիխտենշտեյնի Իշխանություն
24. Լյուքսեմբուրգի Դքսություն
25. Կամարյան կղզիներ (Ֆեդերալ Իսլամական Հանրապետություն)
26. Կանարյան կղզիներ (Իսպանիայի Թագավորություն)
27. Կիպրոսի Հանրապետություն
28. Կուկի կղզիներ (Նոր Զելանդիա)
29. Կոստա Ռիկայի Հանրապետություն
30. Սյանգան (Հոնգկոնգ) (Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հատուկ վարչական շրջան)
31. Ճամայկա
32. Մադեյրա կղզի (Պորտուգալական տարածք)
33. Մալդիվյան Հանրապետություն
34. Մալթայի Հանրապետություն
35. Մակաո (Աոմին) (Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հատուկ վարչական շրջան)
36. Մավրիկիայի Հանրապետություն
37. Մավրիտանիայի Իսլամական Հանրապետություն
38. Մարիանյան կղզիներ
39. Մարշալյան կղզիների Հանրապետություն
40. Միացյալ Արաբական Էմիրություններ (միայն Դուբայ քաղաքի տարածաքում)
41. Միացյալ Թագավորության անդրծովյան տարածք (միայն հետեւյալ տարածաշրջաններում)
- Անգիլիա կղզի
- Բերմուդյան կղզիներ
- Թերքս եւ Կայքոս կղզիներ
- Կայմանյան կղզիներ
- Հարավային Գեորգիա կղզի
- Հարավային Սանդվիչյան կղզի
- Մեն կղզի
- Մոնտսերատ
- Նորմանդիան կղզիներ (Ջերսի եւ Հերնսի կղզիներ, Սարկ, Օլդերն)
- Չագոս կղզի
- Ջիբրալթար
- Վեստ Ինդիա
- Վիրջինյան կղզիներ
42. Միացյալ Մյանմայի Հանրապետություն
43. Միկրոնեզիա
44. Մոնակոյի Իշխանություն
45. Նաուրույի Հանրապետություն
46. Նիգերիայի Հանրապետություն
47. Նիուե կղզի (Նոր Զելանդիա)
48. Շվեյցարիա
49. Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալական Հանրապետություն
50. Չերնոգորիայի Հանրապետություն
51. Պալաուի Հանրապետություն
52. Պանամայի Հանրապետություն
53. Ջիբութիի Հանրապետություն
54. Սամոայի Անկախ Պետություն
55. Սան Մարինոյի Ամենախաղաղ Հանրապետություն
56. Սեյշելյան կղզիների Հանրապետություն
57. Սենթ Լյուսիա կղզի
58. Սենթ Վինսենթ եւ Գրենադինների Հանրապետություն
59. Սենթ Քիթս եւ Նեւիս Դաշնություն
60. Սինգապուրի Հանրապետություն
61. Սուրինամ
62. Վանուատուի Հանրապետություն
63. Տանզանիայի Միացյալ Հանրապետություն
64. Տրինիդադի եւ Տոբագոյի Հանրապետություն
65. Ուրուգվայ
66. Քամպիոնե
67. Ֆիլիպինների Հանրապետություն
68. Ֆիջի Անկախ Դեմոկրատական Հանրապետություն
69. Ֆրանսիայի Հանրապետություն (միայն հետեւյալ տարածաշրջաններում)
- Գվիանա (Ֆրանսիական Գվիանա)
- Կերգելեն կղզի
- Ֆրանսիական պոլինեզիա



























