«Հրապարակը» գրում է. «Հետաքրքիր է դասավորվել դատաիրավական ԾԻԳ-ի ճակատագիրը նաեւ մինչ Վերահսկիչ պալատի վերջին բացահայտումները:

Տարիներ առաջ վեճ է եղել ԱԺ վերահսկողական ծառայության եւ ԾԻԳ-ի միջեւ. այն օրերին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն է ԱԺ բարձր ամբիոնից  ԾԻԳ-ին մեղադրել «թալանի»` պետության փողերը մսխելու մեջ, որովհետեւ 11 շենք կառուցելու փոխարեն վերջինս կառուցել էր 9 շենք: Այն օրերի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ խորհրդարանի ամբիոնից ցույց էր տվել իր «փայտիկը»` ասել էր, որ տրամադրված «այդքան փողով» հնարավոր չէր 11 շենք կառուցել, եւ այդպես շարունակ:

Գործն ուղարկվել էր դատախազություն, եւ բախտի հեգնանքով, որպես քննիչ, գործը քննել էր արդարադատության ապագա նախարար Գեւորգ Դանիելյանը, ով ըստ չար լեզուների, այդ օրվանից նորմալ հարաբերություններ չունի Դավիթ Հարությունյանի հետ:

Հիշեցնենք, որ Դ. Հարությունյանն է մինչ օրս համարվում ԾԻԳ-ի տնօրեն Արթուր Թունյանի «տանիքը», եւ տենդերների գործում նա դեռ որոշիչ խոսքի իրավունք ունի: Ըստ լավատեղյակների, թե Դավիթ Հարությունյանը, թե ԾԻԳ-ի տնօրեն Արթուր Թունյանը բավականին գրագետ պրոֆեսիոնալներ են, որպեսզի ՎՊ-ն կամ մեկ այլ ոք կարողանա «կեղտ բռնել» նրանց վրա: Ընդ որում, Դ. Հարությունյանի նախարար եղած օրերին վճռական դերակատարում է ունեցել այն ժամանակվա փոխնախարար, հետագայում դատավոր դարձած Աշոտ Աբովյանը: Իսկ Թունյանը, ինչպես բնորոշում են նրան լավ ճանաչողները, բավականին գրագետ ու նուրբ խաղացող է, այնպես որ, «այսօր էլ հաստատ կրուտիտ կլինի»` ասում են»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Hetq.am-ի