Գեղարքունիքի մարզպետ, ՀՀԿ-ական Ռաֆիկ Գրիգորյանը «Ժամանակ» թերթի հետ զրույցում հայտարարել է, որ ֆինանսների նախարարությունն իրենց մարզպետարանում որեւէ ստուգում չի իրականացրել։ Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Նշենք, որ ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել հենց ֆինանսների նախարարության ուսումնասիրության արդյունքների հիման վրա։ Ներկայացնում ենք Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ մեր զրույցը։

Պարոն Գրիգորյան, չնայած մոտ մեկ տարի է, ինչ Դուք պաշտոնավարում եք, արդեն խախտումներ  են հայտնաբերվել Ձեր մարզում։ Դա ինչպե՞ս կմեկնաբանեք։

Իսկ ո՞վ ասեց, որ խախտումներ հայտնաբերվել են իմ պաշտոնավարման ժամանակ։

ՀՔԾ-ում հարուցված քրեական գործերը հարուցվել են 2012-2013թթ. ուսումնասիրությունների արդյունքում։ 2012-ի կեսից Դուք եք պաշտոնավարել։

Այո, բայց դեռ պարզ չի ինչ խախտումներ են։ Քրեական գործը հարուցվել է, որպեսզի ճշտեն՝ ինչ խախտումներ են տեղի ունեցել։

Պարոն Գրիգորյան, քրգործում գրված է, որ դիզվառելիքի եւ ազոտական պարարտանյութի հետ են կապված խախտումները»:

Շատ հնարավոր է, որ խախտումներ տեղի ունեցե են։ Կավարտվի քննությունը, եւ բոլորս կիմանանք՝ ինչ խախտումներ են տեղի ունեցել եւ ովքեր են մեղավորները։

Իսկ պատրա՞ստ եք պատասխան տալ կատարվածի համար եւ ի՞նչ ձեւով եք պատրաստ պատասխան տալ։

Օրենքի ամբողջ խստությամբ։ Եվ ոչ միայն ես։ Ցանկացած մեկը պարտավոր է պատասխան տալ։

Կարծում եք հարցը կհասնի Ձեր պաշտոնանկությա՞նը։

Եթե ապացուցվի, որ ես մեղավոր եմ, ես ինքս հրաժարական կտամ։ Բայց ես համոզված եմ, որ մենք դրան չենք հասնի, եւ դուք ականատես չեք լինի նման հրաժարականի... »,- գրում է «Ժամանակը» (Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում):