«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումի հիման վրա ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նախախատրաստվում են նյութեր:
Կենտրոնի դիմումում խոսքը վերաբերում է Երեւան քաղաքի կենտրոնի կառուցապատման եւ դրա հետեւանքով պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման եւ նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահայտմանը:
Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը, որպես Երեւանի գլխավոր ճարտարապետ, պաշտոնավարել է 1999-2004թթ. եւ 2011թ.-ից մինչ օրս զբաղեցնում է այդ պաշտոնը: Ն.Սարգսյանի օրոք եւ նրա անմիջական մասնակցությամբ սկիզբ է դրվել Երեւանի կենտրոնի խոշորածավալ կառուցապատմանը, որի շինարարական-նախագծային աշխատանքներում ներգրավված է նրան պատկանող ««Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոց» ՍՊ ընկերությունը: Մասնավորապես, նշված ըներությունն է նախագծել նաեւ Աբովյան փողոցի 3 հասցեում գտնվող Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի եւ համագործակցության հայկական ընկերակցության (ԱՕԿՍ) շենքի եւ դրան հարակից տարածքում կառուցվելիք հյուրանոցային համալիրը, ինչը նշանակում է, որ քանդման վտանգի տակ են հիշյալ շենքը եւ դրան հարակից տարածքը, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ համարվում են հանրապետական նշանակության հուշարձաններ:
«Հարկ է նկատել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դեռեւս 2005թ. հայտնաբերել է Երեւան քաղաքում հուշարձանների ոչնչացման փաստերը, սակայն մինչ օրս որեւէ մեկը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության չի ենթարկել, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է պատասխանատվություն պատմության եւ մշակույթի հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու համար:
2008-2011թթ. Ն.Սարգսյանն, աշխատելով որպես ՀՀ գլխավոր ճարտարապետ, քաղաքաշինության նախարարի տեղակալ, համատեղել է իր պաշտոնն ու բիզնեսը եւ ներգրավվել արդեն իսկ կառուցված կամ կառուցապատման ընթացքում գտնվող մի քանի շենքերի նախագծային աշխատանքներում: Նույն գործելաոճը շարունակել է 2011թ.-ից ի վեր՝ կրկին աշխատելով որպես Երեւանի գլխավոր ճարտարապետ:
Երեւանի գլխավոր ճարտարապետը հանդիսանում է հանրային ծառայող: Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի՝ «Հանրային ծառայողը եւ բարձրաստիճան պաշտոնատար անձը չեն կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»:
Վերոնշված փաստերի պարագայում ողջամիտ կասկածներ են ծագել Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապես Նարեկ Սարգսյանի կողմից հովանավորչության դրսեւորման եւ պաշտոնի հնարավոր չարաշահումների վերաբերյալ»,-ասված է ԹԻՀԿ-ի հաղորդագրության մեջ:





























