«Նաիրիտի» հետ կապված բոլոր որոշումներն ընդունվել են կառավարության որոշումներով, հետեւապես՝ ճիշտը չէ դրանք կապել վարչապետի անվան հետ: Այդ մասին այսօր՝ հունիսի 27-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով՝ լրատվամիջոցները մեծ ռեսուրսներ են ծախսում այս հարցը շահարկելու համար ու փորձում են կապել իր անվան հետ:

Առաջին պայմանագիրը, ըստ Տ. Սարգսյանի, 2006 թ. ստորագրվել է  «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ» (Rhinoville Property Limited)» ընկերության հետ: Այդ եւ դրանից հետո ստորագրված բոլոր պայմանագրերը վարչապետը խոստացավ տրամադրել լրատվամիջոցներին:

Հիշեցնենք, որ 2006 թ. օգոստոսին «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ» ընկերությունը «Հայգազարդ»-ից գնեց «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի 90 տոկոս բաժնեմասը` 40 մլն դոլար ընդհանուր արժեքով: Մնացյալ 10 տոկոս բաժնեմասը տնօրինում է ՀՀ կառավարությունը` ի դեմս էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության: Սակայն Rhinoville Property Limited ընկերությունը գումար չի ներդրել գնումն իրականացնելու համար, այլ գրավադրել է գործարանը Ռուսաստանի Միջպետական բանկում: Ընկերությունը 70 մլն դոլար վարկ է վերցրել եւ նույն բանկին հանձնել բաժնետոմսերից բխող՝ գործարանի կառավարման իրավունքը: