Վրացական «Վրաստանի մոնոֆիզիտ  հուշարձանները» գրքում երկրի տարածքում գտնվող  հայկական բազմաթիվ հուշարձաններ կան, բայց «Ներքին Քարթլի» (Վրաստան) անվան ներքո: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը:

«Առաջին հայացքից գիրքը միանգամայն լավ տպավորություն է թողնում, դրանում ներկայացված են պատմական Հայաստանի Գուգարքի 4 շրջաններում պահպանված հայկական հուշարձանները, որոնք այժմ Վրաստանի տարածքում են գտնվում.  Ցոբոպոր (Մառնեուլ), Բոգնոպոր (Գորիս), Կանգարք (Դմանիս), Մանգլեացպոր», - նշել է Սամվել Կարապետյանը՝ հավելելով, որ գիրքը հրատարակվել էր 2009թ.՝ վրացի հայագետներ Զազա Ալեքսիձեի եւ Դմիտրի Թումանաշվիլիի խմբագրությամբ, Գեորգի Գագոշիձեի եւ Նաթիա Չանթլաձեի համահեղինակությամբ:

Կարապետյանի խոսքով՝  ներկայացված հայկական բազմաթիվ հուշարձանները վարչա-աշխարհագրական «Ներքին Քարթլի» անվանմամբ են հանդես գալիս, սակայն դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ  հենց վրացական աղբյուրներում այդ տարածքն անվանվում է «Սոմխեթի», այսինքն՝ «Հայաստան»:

 «Վրացական կողմը ձգտում է  յուրացնել հայկական հուշարձանները եւ անել ամեն հնարավորը, որպեսզի դրանք չհիշատակվեն իսկական պատմական անվանումներով», - ընդգծել է Սամվել Կարապետյանը:

«Գրքում նշվում է, որ թեեւ հուշարձանները հայկական անվանումներ ունեն, դրանք հայերի հետ ոչ մի կապ չունեն, քանի որ կապված են միայն հայկական  մոնոֆիզիտ  եկեղեցու հետեւորդների հետ», - ասել է Կարապետյանը: Նա նաեւ  հավելել է, որ «Վարձք» ամսագրի 8-րդ համարում գրքի հասցեին քննադատություն է հրապարակել եւ վրացական կողմին կոչ արել չաղավաղել պատմական փաստերը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am