«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքով 7 տարվա ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանի պաշտպանների վերաքննիչ բողոքի կապակցությամբ դատավճիռը կհրապարակվի մարտի 9-ին, ժամը 11-ին:
Մարտի 5-ին կայացած նիստում Նիկոլ Փաշինյանը շարունակել է ներկայացնել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ հունվարի 19-ի վճռի դեմ իր հիմնավորումները:
Այնուհետ մի շարք միջնորդություններ են ներկայացրել Փաշինյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը: Մասնավորապես, դատարանը մերժել է Փաշինյանին անհապաղ ազատ արձակելու, գործը վճռաբեկության փոխարեն վերաքննության կարգով լսելու, մի շարք վկաների դատակոչելու մասին միջնորդությունները:
Դատավորներ Սերժիկ Ավետիսյանը, Մարգո Սիմոնյանն ու Արշակ Խաչատրյանն այնուհետ անցել են խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու, որը կհրապարակեն մարտի 9-ին:
Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ հունվարի 19-ի վճռով Նիկոլ Փաշինյանը դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի



























