Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաեւ վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես է եկել խորհուրդների շարքով:

Մասնավորապես, նախարարությունը խորհուրդ է տալիս.

 • խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում,

 • հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արեւային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ,

 • օգտագործել սովորականից շատ հեղուկներ /օրական մոտ 3 լիտր/ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:

Մասնավորապես խորհուրդ է տրվում օգտագործել`

• ջուր, որը լրացնում է հեղուկների պակասը, անցկացնում է հոգնածությունը եւ պայքարում ջրազրկման դեմ

• կաթնամթերք, մասնավորպես թան ու մածուն, դրանք պարունակում են սպիտակուցներ, աղեր եւ օրգանական թթուներ, որոնց շնորհիվ հրաշալիորեն հագեցնում են ծարավը,

 • օգտագործվող հեղուկները պետք է լինեն միջին (գոլ) կամ դրանից մի փոքր ավելի հովացրած` այդպես ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել,

 • չի կարելի չարաշահել կոֆեին եւ շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում,

 • ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապեղ մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը եւ արյան շրջանառությունը,

 • հաճախակի լվացվել կամ ցնցուղ ընդունել, հետեւել ձեռքերի հիգիենային, հատկապես սնունդ պատրաստելուց եւ ուտելուց առաջ,

 • արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արեւի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,

 • ամենօրյա աշխատանքները հնարավորինս կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից,

 • պետք է հետեւել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա,

 • այնտեղ, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան,

 • սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ հոսող ջրով լավ լվանալ, պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում, ընտրել թարմ, ոչ փչացած եւ ոչ ժամկետանց սննդամթերք,

 • խուսափել բացօթյա պայմաններում (մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում) պատրաստվող եւ վաճառվող, պատրաստման եւ պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքից, լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր օգտագործելուց: