Պահանջե՞լ, թե չպահանջե՞լ դատարանի շենք մտնող քաղաքացիների փաստաթղթերը: Հարցը փաստաբանները քննարկել են «Ամերիա» ՓԲԸ կազմակերպած սեմինարի ընթացքում: Ընկերությունն ավարտում է արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի բյուրո» տենդերով Հայաստանի դատարանների մոնիթորինգային ծրագիրը:
Անցկացված մոնիթորինգի համաձայն` Երեւանում դատարանի շենք մտնելիս անձը հաստատող փաստաթուղթ պահանջել են 11.5 տոկոս դեպքերում` չնայած որ գործող օրնսդրությունը նման բան չի նախատեսում: Վերոհիշյալ փաստը փաստաբանների դժգոհությունն է առաջացրել: «Մի անգամ իմ պաշտպանյալներից մեկը` ո՞վ, ո՞ւր, ինչո՞ւ, հարցերի պատտճառով ուշացել էր դատական նիստից: Ի՞նչ է նշանակում ինչո՞ւ: Պարզ է, որ եթե մտել եմ դատարան, ուրեմն նիստի եմ գնում: Բնականաբար, ատամնաբույժի մոտ չեմ գնում: Արդեն չեմ էլ խոսում այն դեպքերի մասին, երբ դատավորն ինքն է ուշանում նիստերից: Դա, ընդհանրապես, առանձին խոսակցություն է»,- ասել է նրանցից մեկը:
Ի պատասխան դրան, հանրապետության դատական դեպարտամենտի ներկայացուցիչները ընդգծել են, որ այս պրակտիկան համընդհանուր բնույթ չի կրում եւ պետք չէ իրավաբանների եւ նրանց պաշտպանյալների բոլոր անհաջողությունները միայն վերջինիս վերագրել: «Դրույթը, որի համաձայն յուրաքանչյուրը կարող է մտնել դատարան եւ ներկա գտնվել բաց նիստերին, անվերջ պաշտպանության կարիք չունի: Լինում են դեպքեր, երբ 60 հոգու համար նախատեսված դահլիճ է փորձում մտնել 200-300 մարդ: Թույլ տալ, որ բոլորը մտնե՞ն: Բայց նման կուտակումները կարող են արտակարգ պատահարների պատճառ հանդիսանալ»,-հայտարարել է «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակի» ղեկավար Արթուր Թունյանը:





























