Հայաստանյան իրավապահները ձերբակալել եւ վրացական կողմին են հանձնել երկու «օրենքով գողերի»՝ Վրաստանի քաղաքացիների:

ՀՀ ոստիկանությունը հաղորդում է, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հայաստանում են հանցավոր աշխարհում «օրենքով գող» ճանաչված, 1976 թ. ծնված Լաշա Ջելաձեն` «Լաշա Սամտրեցկի» մականունով եւ 1979 թ. ծնված Ռեւի Դարախվելիձեն` «Ռեւի» մականունով, որոնք տարբեր երկրներից արտաքսվելուց հետո անօրինական ճանապարհով մուտք գործել եւ ապօրինի բնակություն էին հաստատել Հայաստանում:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` Լաշա Ջելաձեն եւ հանցավոր աշխարհում «օրենքով գող» ճանաչված, Գորիս քաղաքի բնակիչ, «Արտեմ» մականունով Արտեմ Դինունցը հայտնաբերվեցին: Վերջինիս մոտից առգրավվեց մոտ 1 գ ափիոն:

Պարզվել է, որ Լաշա Ջելաձեն յոթ տարի ազատազրկումից հետո Ռուսաստանի Դաշնությունում Շվեյցարիայի Հանրապետության դեսպանատնից ստացել էր Շոթա Ռամինաշվիլիի անվամբ կեղծ տվյալներով վերադարձի վկայական եւ արտաքսվել Վրաստան, սակայն հունիսի 25-ին Մոսկվա-Երեւան չվերթով ժամանել էր Հայաստան, իսկ Ռեւի Դարախվելիձեն, որին արտաքսել էին Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրանիայից եւ Թուրքիայից, ապրիլի 23-ին Ստամբուլ-Երեւան չվերթով ժամանել եւ առանց հաշվառման` ընտանիքի հետ, ապօրինի բնակություն էր հաստատել ՀՀ-ում:

Լաշա Ջելաձեն եւ Ռեւի Դարախվելիձեն հանձնվել են Վրաստանի իրավապահ մարմիններին: