Նախօրեին Վիրջինիա նահանգում գտնվող ԱՄՆ -ի պաշտպանության նախարարության ելքի մոտ կրակ բացած տղամարդը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Այսօր պարզ են դարձել դեպքի նոր մանրամասնություններ։ Պարզվել է, որ 36 ամյա Ջոն Պետրիկ Բեդելը ներառված է եղել «սեպտեմբերի 11-ի մասին ճշմարտություն փնտրողների խմբի մեջ», որոնք կասկածամտորեն են վերաբերվում ահաբեկչության պաշտոնական վարկածին։ Հանցագործը մեկ անգամ չէ, որ հայտնվել է ամերիկացի ոստիկանների տեսադաշտում։ Ավելի վաղ նրան ձերբակալել էին մարիխուանա պահելու համար։

Ներկայումս նրա դին ուղարկված է փորձաքննության։ Կոլումբիայի շրջանի գլխավոր դատական բժիշկ Բեվերլի Ֆիլդսը հայտնել է, որ Բեդելի դին նրա մոտ ուղարկվել է կեսգիշերից հետո։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին Ջոն Պետրիկ Բեդելը Պենտագոնի մուտքի մոտ, որը գտնվում է մետրոյի համանուն կայարանի հարեւանությամբ, կրակ է բացել։ Հրաձգության արդյունքում վիրավորվել են ոստիկանության երկու սպա։ Ներկայումս նրանք գտնվում են հիվանդանոցում։