Գոյություն ունեցող ՀՕՊ համակարգը լիարժեք հնարավորություն է տալիս վերահսկել հակառակորդի ոտնձգությունները: Այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Օհանյանը` լրագրողների հետ հունիսի 28-ին կայացած հանդիպման ժամանակ:
Ինչպես ընդգծել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը, զուգահեռաբար զարգանում են ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգի հնարավորությունները: Նախարարը հիշեցրել է, որ արդիականացման գործընթացի հիմքում փոքր միջոցներով մեծ խնդիրներ լուծելու սկզբունքն է: «Փորձը ցույց է տալիս, որ ցանկացած իրավիճակում մենք միշտ կարողացել ենք մեծ խնդիրները հաղթահարել խելքով»,-նկատել է Սեյրան Օհանյանը:
Ընդգծելով, որ ռազմաօդային ուժերը մշտապես կատարելագործման կարիք ունեն` նախարարը նշել է, որ գործընթացն իրականացվելու է մեր ռազմավարական գործընկեր հանդիսացող Ռուսաստանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցության շրջանակներում: «Մենք նոր փուլ ենք սկսել, ստորագրելով ռազմատեխնիկական համագործակցության նոր ծրագիրը, ինչը ձեռնարկություններին ուղղակի համագործակցության հնարավորություն է տալիս»,-ընդգծել է Օհանյանը:





























