Հայաստանը պետք է համապատասխան եզրակացություններ կատարի ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծի քննարկումներից եւ քվեարկությունից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով, իրավիճակը վերլուծելիս հիմնականում հանգում ես այն եզրակացությանը, որ Երեւանը պետք է Անկարայի հետ բանակցությունները սկսի զրոյից, նոր, մաքուր էջից։ «Ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը կհասկանա մեզ, քանի որ բանակցությունների ձախողման ողջ պատասխանատվությունը Անկարայի ուսերի վրա է, որը տորպեդահարում է դրանք»,-հայտարարեց Սարգսյանը։ Վերջինս հավատացած է, որ հայ-թուրքական արձանագրություններն այդպես էլ չեն քննարկվի Թուրքիայի խոհրդարանում։ «Եթե Անկարան իրոք ուզում է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել, ապա դա կարող է անել առաց արձանագրությունների։ Երբ որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն եւ դեսպանատներ բացվեն, հնարավոր կլինի լուծել նաեւ այլ հարցեր։ Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ Անկարայի խոսակցությունները Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու շուրջ, պարզապես անհիմն են, այլապես ինչպե՞ս բացատրել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշման հանդեպ դրսեւորած Թուրքիայի ագրեսիվ վերաբերմունքը»,- նշեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավարը։
Խոսելով հանձնաժողովում քվեարկության ընթացքից, Սարգսյանը շնորհակալություն հայտնեց 23 կոնգրեսականներին, ովքեր աջակցեցին բանաձեւի ընդունմանը։ «Բայց պետք չէ մոռանալ նաեւ այն 22-ին, ովքեր դեմ քվեարկեցին։ Նրանք որոշումն ընդունելիս հիմնականում առաջնորդվում էին քաղաքական դրդապատճառներով՝ թուրք-ամերիկյան եւ հայ-ամերիկյան հարաբերություները վատացնելու վախից»,-հայտարարեց կուսակցության առաջնորդը։ Ինչ վերաբերվում է Թուրքիայի դիրքորոշմանը, ապա Արամ Սարգսյանի խոսքով, այն կարող էր զվարճացնել հայերին, եթե ամեն ինչ այդքան լուրջ չլիներ։ «Թուրքիան փորձում է ժխտել այն, ինչ եղել է, ինչը փաստ է, իսկ այդ երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը շանտաժի է ենթարկում ԱՄՆ-ին՝ խոստանալով կտրուկ քայլերի դիմել»,-ասաց Սարգսյանը։ Նա միեւնույն ժամանակ ընդգծեց, որ Թուրքիայի արձագանքը՝ հետ կանչելու ԱՄՆ-ում իրենց դեսպանին, հակառակ ազդեցությունն ունեցավ , քանի որ ամբողջ աշխարհը նորից խոեց Հայոց ցեղասպանության մասին։ Դեմոկրատական կուսակցության առաջնորդը հոռետեսորեն է վերաբերվում ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունմանը։



























